ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի ներածական խոսքը ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդների հետ ճեպազրույցում
7 March, 2008 00:00Հարգելի գործընկերներ
Դուք արդեն տեղեկացված եք, որ ս.թ. մարտի 1-ին, Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգին սպառնացող վտանգը կանխելու և բնակչության իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու նպատակով ՀՀ նախագահ Ռ.Քոչարյանի հրամանագրով Երևան քաղաքում 20 օր ժամկետով հայտարարվել է արտակարգ դրություն:
Դուք արդեն տեղեկացված եք, որ ս.թ. մարտի 1-ին, Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգին սպառնացող վտանգը կանխելու և բնակչության իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու նպատակով ՀՀ նախագահ Ռ.Քոչարյանի հրամանագրով Երևան քաղաքում 20 օր ժամկետով հայտարարվել է արտակարգ դրություն:
Համաձայն արտակարգ դրության մասին ՀՀ նախագահի հրամանագրի 3-րդ կետի` արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովումը վերապահվել է ՀՀ Կառավարությանն առընթեր ոստիկանությանը և ՀՀ պաշտպանության նախարարությանը:
Իրադարձությունների զարգացումը ցույց տվեց, որ արտակարգ դրություն մտցնելն անհրաժեշտություն էր: Համոզված եմ, որ եթե այդ միջոցը չկիռարվեր, ապա շատ ավելի ծանր կլինեին հետևանքները: Ցավոք, չխուսափեցինք կորուստներից:
ՀՀ նախագահի հրամանագրից անմիջապես հետո զինված ուժերը ձեռնամուխ եղան իրենց առաջադրված խնդրի կատարմանը, ինչը հիմնականում ներառում է արտակարգ դրության պայմաններում հատուկ նշանակության օբյեկտների պահպանումը:
Պետք է նաև նշեմ, որ զինված ուժերի ղեկավարությունը հանրությանը կոչ է արել զերծ մնալ արտակարգ դրության իրավական ռեժիմի խախտման փորձերից և պարբերաբար իրազեկում է բանակի ձեռնարկած միջոցառումների մասին:
Կարող եմ վստահեցնել, որ հասարակությունը դրականորեն արձագանքեց ԶՈՒ դերակատարությանը, և իրավիճակը մայրաքաղաքում այժմ կայուն է: Կարծում եմ, որ այս կերպ հասարակությունը դրսևորեց իր դրական վերաբերմունքը` ներքաղաքական զարգացումների ամբողջ ընթացքում զինված ուժերի ցուցաբերած քաղաքական չեզոքությանը:
Հավելեմ նաև, որ ս.թ. մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած հասարակական կարգի խախտման բոլոր դեպքերի և հանցագործությունների առնչությամբ իրավապահ մարմիններն իրկանացնում են օրինապատշաճ գործունություն:
Կցանկանայի անդրադառնալ ազգային անվտանգության դեմ կատարված ոտնձգություններին`ս.թ. մարտի 4-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման հայտնի դեպքին: Ադրբեջանական կողմը հերթական անգամ փորձեց շահարկել միջադեպը: Խախտման փաստը վերագրվեց հայկական կողմին` մեկնաբանելով այն որպես ներքաղաքական իրավիճակից ուշադրությունը շեղելու միջոց: Մեկ անգամ ևս հերքում եմ այս ապատեղեկատվությունը: Սադրանքների միջոցով հասարակության ուշադրությունը շեղելը բնորոշ է հենց Ադրբեջանի ղեկավարությանը:
Պարոնայք ռազմական կցորդներ, ես ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել նաև հետևյալ իրողությանը. հայկական կողմից վիրավորվել է երկու զինծառայող, ադրբեջանական կողմը ունի և’ վիրավորներ, և’ զոհեր: Կարծում եմ` միջադեպի վերլուծությամբ զբաղվող յուրաքանչյուր զինվորական կարող է հստակ եզրակացնել, որ այս դեպքում էլ դասական կանոնը չի խախտվել. ավելի շատ կորուստներ կրել է հարձակվողը: Մնացյալը` Ադրբեջանի քարոզչական շահարկումներ են: Հավելեմ, որ ԼՂՀ ղեկավարությունը միջազգային միջնորդական առաքելությանը և ԵԱՀԿ –ին հայտ է ներկայացրել անցկացնելու միջադեպի հետաքննություն և տալու համապատասխան գնահատական` հետագայում հրադադարի նման խախտումները կանխելու ակնկալությամբ:
Հավաստիացնում եմ, որ նման զարգացումները որևէ կերպ չեն անդրադառնա միջազգային ռազմական համագործակցության շրջանակներում նախանշված միջոցառումների ընթացքի վրա: Հայաստանը շարունակելու է ստանձնած բոլոր պարտավորությունների կատարումը, առաջին հերթին` միջազգային անվտանգության ապահովման ասպարեզում: Կրկնապատկվելու է Կոսովոյում հայկական զորախմբի թվաքանակը և կշարունակվի առաքելությունը Իրաքում` վստահ լինելով, որ խաղաղապահ առաքելություններում ներգրավվածությունը նպաստում է մեր երկրի, ինչպես նաև միջազգային անվտանգության ամրապնդմանը:
Կարող ենք արձանագրել` վերջին իրադարձությունները լավագույն վկայությունն են, որ բանակը ունակ է հավուր պատշաճի արձագանքել ճգնաժամային իրավիճակում զանգվածային անկարգություններին` միաժամանակ լիարժեքորեն ապահովելով հրադադարի ռեժիմը պահպանումը: Այս կերպ կանխվում է նաև հնարավոր ապակայունացումը տարածաշրջանում: