Ս.Օհանյանն ընդունեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալին
22 April, 2008 00:00Ս.թ. ապրիլի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովին:
Հանդիպման սկզբում Վ.Սեմերիկովը շնորհավորեց Ս.Օհանյանին` պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: ՀՀ պաշտպանության նախարարն իր հերթին ողջունեց հյուրին` հույս հայտնելով, որ համագործակցությունն էլ ավելի կընդլայնվի իր պաշտոնավարման ընթացքում:
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին ռազմական գերատեսչությունների` Կազմակերպության միջպետական համաձայնագրերի և Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների իրականացմանն ուղղված քայլերի, ինչպես նաև իրականացված բանակաշինական միջոցառումների վերաբերյալ:
Անդրադառնալով ռազմական համագործակցության ներկա վիճակին, կողմերը փաստեցին վերջինիս խորացման անհրաժեշտությունը: Կարևորվեց հատկապես ՙՌուբեժ 2008՚ հրամանատարաշտաբային զորավարժության անցկացումը: Ի դեպ, այս զորվարժության 4-րդ փուլը` մարտական կրակի կիրառմամբ, կանցկացվի Հայաստանում` ս.թ. օգոստոսի 1-ից 5-ը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հավաքական անվտանգության համակարգի զարգացմանը, ՀԱՊԿ շրջանակներում խաղաղապահ գործունեությանը, ռազմական, ռազմատեխնիկական, ռազմաուսումնական և ռազմատնտեսական համագործակցությանը նպաստող հարցեր: Քննարկվեցին նաև ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների կայանալիք հերթական` 5-րդ նիստի օրակարգային հարցեր: