ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանին հանձնվեց Հայրապետական կոնդակը

21 May, 2008 00:00
Ս.թ. մայիսի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին` Հայրապետական սրբատառ կոնդակը հանձնելու նպատակով:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վեհարանում ողջունեց տիար Օհանյանին` ուրախություն հայտնելով նրան կրկին Սուրբ Էջմիածնում տեսնելու առթիվ: Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ Հայոց բանակն ու նրա զորավարները միշտ իր աղոթքների մեջ են, և Տիրոջ օրհնությունը հայցեց, որ Նրա Աջը մշտապես պահապան լինի հայ զինվորին ու հայ զորականին` անսասան պահելու մեր Հայրենիքի սահմանները և անխռով` մեր ժողովրդի խաղաղությունը: Նորին Սրբությունը նաև փաստեց, որ Հայաստանյաց Եկեղեցին միշտ Հայոց բանակի կողքին է եղել, ինչի վառ առհավատչյաներից են մեր մայիսյան հաղթանակներում Հայոց Եկեղեցու գործուն ներկայությունը: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր երախտագիտությունը հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին` ցուցաբերած բարձր պատվի համար: Նա խիստ կարևորեց այն հսկայական ավանդը, որ ներդրել է Հայաստանյաց Եկեղեցին հայ ժողովրդի ազատագրական պայքարի, հայ զինվորի ու զորավարի ոգու կերտման ու դաստիարակության սրբազան առաքելության մեջ: Ս.Օհանյանը փաստեց, որ ներկա ժամանակում ևս Հայաստանյաց Եկեղեցին հավատարիմ է իր այդ առաքելությանը` մասնավորապես ընդգծելով Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ Հայոց բանակում հոգևոր սպասավորություն իրականացնող հոգևորականների առկայության վիթխարի արդյունավետությունը: Այնուհետև Վեհափառ Հայրապետը ՀՀ պաշտպանության նախարարին հանձնեց Հայրապետական սրբատառ կոնդակը, համաձայն որի, 2007թ.-ի հունվարի 27-ին Ս.Օհանյանին էր հանձնվել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանը: Կոնդակում մասնավորապես ասված է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում Ձեզ և գնահատում հավատավոր հայորդուդ ազգանվեր կյանքն ու գովարժան ծառայությունները մեր Հայրենիքին ու ժողովրդին: Դեռևս խորհրդային ժամանակաշրջանում երկար տարիներ Դուք ծառայել էք Խորհրդային Միության զինված ուժերում և զբաղեցրել էք զինվորական պատասխանատու պաշտոններ` դրսևորելով քաջ զորականին հատուկ հմտություն ու կարողություններ, որի վկայությունն են Ձեզ տրված պատվո բազմաթիվ պարգևատրումները£ Ձեռք բերած հարուստ փորձառությամբ, հրամանատարական ու կազմակերպչական ունակություններով Դուք գովելի սպասավորություն բերեցիք Արցախի ազատության ու անկախության համար մղվող արդար պայքարին: Արցախի անկախության վերահաստատումից հետո, որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար, հայրենի երկրի և ժողովրդի հանդեպ սիրով զգալի ավանդ ունեցաք Արցախի հայրենանվեր զինվորների քաջարի ոգու և արցախյան հերոսական բանակի հզորացման ու մարտունակության ամրապնդման կարևոր գործում: Գոհունակություն է Հայրապետիս համար անդրադառնալ, որ այսօր Դուք նույն նախանձախնդրությամբ ու եռանդով շարունակում եք գովելի ծառայություն իրականացնել Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի համակարգում` ի խնդիր անկախ մեր Մայր Հայրենիքի ապահով ու խաղաղ առաջընթացի, Հայոց հերոսական բանակի ազգօգուտ ու հայրենաշահ ծառայության նորոգ արդյունավորման»: «Ֆիզիկական պարտություն կրել ենք, բայց հավատքի պարտություն` երբեք»: Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս