ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպեց ՊՆ Կենտրոնական ապարատի բուժանձնակազմի հետ

21 May, 2008 00:00
ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատի անձնակազմի հետ ծանոթանալու, հետագա գործունեությանն ուղղված խնդիրներ առաջադրելու նպատակով ս.թ. մայիսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպեց ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի բուժանձնակազմի` ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության, ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական և կայազորային հոսպիտալների, կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի, ՊՆ կենտրոնական պոլիկլինիկայի անձնակազմերի հետ:

Հանդիպման սկզբում Ս.Օհանյանը ողջունեց վերջիններիս` կարևորելով նման հանդիպումների անհրաժեշտությունը: Այնուհետև ստորաբաժանումների պետերը մեկ առ մեկ ներկայացրեցին իրենց ենթականերին: Այստեղ նախարարը նկատեց, որ հարկ է, որպեսզի յուրաքանչյուր ղեկավար, հրամանատար ճանաչի իր ենթակային, քանզի դաստիարակության տարածված ձևերից մեկն էլ անհատական և տարբերակված մոտեցումներն են, որոնց միջոցով վեր են հանվում մարդկանց կարողությունները, ունակությունները: Անդրադառնալով վերոնշյալ ստորաբաժանումների հետագա գործունեությանը` նախարարը նշեց, որ առաջնային խնդիրներից է այսօր զինծառայողի առողջության պահպանումը, որին ուղղված քայլերն առավել արդյունավետ կլինեն զինված ուժերում բարեփոխումների իրականացման արդյունքում: Եվ այս պարագայում խրախուսվում է նաև ռազմական և քաղաքացիական բուժհաստատությունների համագործակցությունը: Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարար Ս.Օհանյանը նշեց նաև, որ կատարվել է զգալի աշխատանք` զինծառայողների առողջության պահպանման, վերականգնմանն անհրաժեշտ պայմանները բարելավելու ուղղությամբ: Բուժծառայողին առաջադրված խնդիրներն ուրույն մոտեցում են պահանջում, քանզի զինծառայող լինելուց բացի, նրանք նաև սուրբ գործ են կատարում` հայրենիքի պաշտպան զինվորին բուժել, շարք վերադարձնել կամ կյանքի կոչել: Իսկ այս դեպքում պահանջվում է լինել առավել աչալուրջ` հիմնվելով արդարության պահպանման սկզբունքին միայն` մեծ հոգատարություն ցուցաբերելով ապաքինվող կամ բուժօգնության կարիք ունեցող զինծառայողին, և, ընդհանրապես, մարդուն, գործել խղճի մտոք: Այնուհետև նախարարը հանձնարարականներ տվեց` ուղղված զինծառայողների կարգապահության բարձրացմանը, հասարակության մեջ պահվածքին, զինվորական համազգեստը կրելու կանոնների խիստ պահպանմանը զինված ուժերում: Ս.Օհանյանն ընդգծեց, որ հզոր է այն բանակը, որտեղ իշխում է կարգուկանոնը, իսկ պատերազմներում հաղթում են հզորները: Հանդիպման վերջում ՀՀ պաշտպանության նախարարը հաջողություն մաղթեց անձնակազմին` ծառայության և հետագա աշխատանքային գործունեության մեջ: