Ս.Օհանյանն այցելեց ԵՊՄՀ
23 May, 2008 00:00Ս.թ. մայիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելեց Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան, որտեղ հանդիպեց համալսարանի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ:
ԲՈՒՀ-ի ռեկտոր Ա.Ղուկասյանը, շնորհավորելով Ս.Օհանյանին պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, ողջունեց վերջինիս այցը համալսարան` կարևորելով նման հանդիպումների հաճախականությունը:
Ս.Օհանյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց հրավերքի համար` նշելով, որ այցը մանկավարժական համալսարան առանձնահատուկ նշանակություն ունի իր համար, քանզի ծնվել է մանկավարժի ընտանիքում: Նախարարն իր խոսքում կարևորեց նաև այն փաստը, որ ԲՈՒՀ-ը միակն է քաղաքացիական բարձրագույն ուսումնական հաստատությունների շարքում, որտեղ գործում է զինվորական մանկավարժություն և հոգեբանություն մասնագիտությամբ ուսուցում:
Ավարտելով երկուստեք ողջույնի խոսքերը, ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը պատասխանեց պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների և լրագրողների հարցերին:
Պատասխանելով ուսանողի հարցին, նախարարը տեղեկացրեց, որ իր ավագ որդին ծառայում է ՀՀ զինված ուժերում` վաշտի հրամանատար է: Միջնեկը` ԲՈՒՀ-ի առաջին կուրսից զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության, ետ է վերադարձել և հիմա շարունակում է ուսումը: Իսկ կրտսերը դեռ փոքր է: Ասել է թե, յուրաքանչյուր ղեկավար, պաշտոնյա պետք է նախ ինքը օրինակ ծառայի: Իսկ բանակից խուսափողների վերաբերյալ Ս.Օհանյանը նշեց, որ գոյություն ունեն մի քանի դրույթներ. նախ խուսափողի նկատմամբ քրեական գործ է հարուցվում: Բայց նաև կա օրենք սահմանված կարգի խախտման վերաբերյալ. զորակոչային տարիքը լրանալուց հետո նրանք յուրաքանչյուր զորակոչի համար համապատասխան վճարումներ են կատարում և վերջիններիս հանդեպ դադարեցվում է քրեական հետապնդումը. «Կոչ եմ անում, որպեսզի բոլորը կատարեն իրենց պարտքը հայրենիքի հանդեպ» - ասաց նախարարը:
Ուսանողի այն հարցին, թե բարոփոխումների արդյունքում բանակում զինվորական հոգեբանի հաստիք լինելու է, թե՞ ոչ, նախարարը պատասխանեց. «Կարծում եմ, որ ձեր ուսման ավարտին արդեն անպայման կլինի: Դրա անհրաժեշտությունը կա: Այդ հաստիքը կա նաև աշխարհի մյուս բոլոր բանակներում»:
Այստեղ ԵՊՄՀ-ի գրականության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ա. Դոլուխանյանը հանդես եկավ առաջարկով, ընդգծելով, որ շատ տպավորիչ և գրագետ էր պաշտպանության նախարարի խոսքը. «Մեր բուհի գործը, փաստորեն, շարունակում եք Դուք, որովհետև քաղաքացի ձևավորվում են բանակում»: Պրոֆեսորը նաև պատրաստակամություն հայտնեց հարկ եղած դեպքում գիտնականներից, դասախոսներից, բանասերներից կազմված խմբերով այցելել զորամասեր, դասախոսություններ կարդալ, զրույցներ ունենալ զինվորների հետ:
Ս.Օհանյանը շնորհակալություն հայտնեց առաջարկի համար` նշելով, որ արդեն հանձնարարություններ է տվել մտածել այնպիսի հասկացության մասին, ինչպիսին է լեկտորը. «Պաշտպանության բանակում եղել են լեկտորական խմբեր, որոնք իմ խնդրանքով տարբեր բուհերից համալրվել են տարբեր մասնագետներով և ըստ պլանի ելույթներ, զեկույցներ են ունեցել զորամասերում: Ընդունում եմ Ձեր առաջարկը և նաև պատրաստակամություն հայտնում, որպեսզի հրամանատարներն էլ, բանակի ներկայացուցիչներն էլ մշտական կապ ունենան բուհերի հետ և, կարծում եմ, իրենք էլ կկարողանան մի քանի դասախոսություն կարդալ ուսումնական հաստատություններում»:
Ի պատասխան լրագրողի այն հարցին, թե համատարած բանակ զորակոչվելու հարց է շրջանառվում, և թե որքանո՞վ է իրատեսական, որ տասնութ տարին լրացած երիտասարդները պետք է ծառայեն, ապա նոր շարունակեն ուսումը, Ս.Օհանյանը նկատեց. «Նման ռազմաքաղաքական իրադրության մեջ գտնվող բոլոր պետություններում տասնութ տարին լրացած բոլոր երիտասարդները զորակոչվում են բանակ: Այստեղ հարց է առաջանում. ո՞րն է ճիշտ, հիմա՞ զորակոչվել, իր հասակակիցների հետ ծառայել, ապա վերադառնալ և ուսումը շարունակել բուհում, մագիստրատուրայում և այլն, և որի շարունակությունը կլինի պրակտիկ գործունեությունը, պրակտիկ աշխատանքը: Այստե՞ղ է ուսման շարունակականությունն ընդհատվում, թե՞ այն դեպքում, երբ սովորում են մոտ չորս տարի, հետո, կատարելագործվելու փոխարեն, երկու տարի ընդհատում` զորակոչվում բանակ, այնուհետև ուսումը շարունակում մագիստրատուրայում և ապա` աշխատանքային գործունեություն: Սա դեռ պետք է ուսումնասիրել: Այստեղ կունենանք մի քանի առավելություններ. չպետք է ամաչեմ ասել, որ այսօր զինված ուժերում բանակի կազմը բանվորագյուղացիական է, իսկ ուսուցումը` էլիտար: Սա իմ անձնական կարծիքն է»:
Պատասխանելով ուսանողի կողմից հնչեցրած հարցին, թե բարձր կուրսերում մասնակցելու են արդյո՞ք իրենք ճամբարային հավաքների և ստանալու են արդյո՞ք զինվորական կոչումներ, նախարարը հավաստաիացրեց, որ ճամբարային հավաքներ անպայման կկազմակերպվեն և զորամասերում համապատասխան դասընթացներ, վերապատրաստում անցնելուց հետո այդ ուսանողները կստանան «լեյտենանտ» սկզբնական զինվորական կոչում` շարունակելով ծառայությունը զինված ուժերում: Ս.Օհանյանը նշեց նաև, որ զինվորական հաստատությունները, ռազմական ֆակուլտետները, ռազմամարզական վարժարանները, կադետական դպրոցները հայրենասիրական և ռազմահայրենասիրական դաստիարակություն են իրականացնում և, այդ հաստատությունն ավարտելուց հետո, պարտադիր չէ, որ բոլորը մեկնեն ծառայության. քաղաքացիական կյանքում էլ մեզ պետք են հայրենասերներ:
Դասախոսի այն հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ սահմանամերձ գյուղական դպրոցներում դասավանդելը համարվի ծառայություն, Ս. Օհանյանը պատասխանեց, որ ԽՍՀՄ-ի օրոք եղել են նման դրույթներ, մենք էլ մի քանի տարի ունեցել ենք և այսօր արդեն կարելի վերանայել այդ հարցը:
Զինվորական մասնագիտությամբ ավարտած ուսանողներին աշխատանքի տեղավորելու առնչությամբ նախարարը հայտնեց, որ ուսումնառությունն ավարտելուց հետո բանակում ծառայելու ցանկություն հայտնած շրջանավարտները կստանան սպայական կոչում և ինքնըստինքյան կապահովվեն աշխատանքով: Իսկ մյուսների առումով կան խնդիրներ, որոնք քննարկման փուլում են:
Մտահոգությանը, թե զինվորական մասնագիտությամբ ֆակուլտետն ավարտելուց հետո տղաները կզորակոչվե՞ն պարտադիր զինվորական ծառայության, նախարարը պատասխանեց. «Այո, կզորակոչվեն, սակայն կծառայեն ոչ ամբողջությամբ: Կան խնդիրներ, որոնք դեռ քննարկվում են. քանի որ դուք արդեն անցել եք ուսուցման այդ շրջանը, ապա ձեզ ժամանակ կտրվի վերապատրաստում անցնելու համար, կստանաք սպայական կոչում և կանցնեք ծառայության»:
Իսկ թե որքանո՞վ կնպաստի բանակի մարտունակության բարձրացմանը քաղաքացիական հատուկ ծառայողի ինստիտուտի ներդրումը զինված ուժերում, Ս.Օհանյանը նշեց, որ իրականացվող բարեփոխումների ուղղություներից մեկն էլ քաղաքացիական տարրի ներմուծումն է զինված ուժերում: Ընդունված օրենքների համաձայն այսօր արդեն աշխատանք է տարվում և’ կառուցվածքի, և’ հաստիքների հստակեցման ուղղությամբ: Այսօր գործող առաջատար չափանիշներն ապահովում են բանակների, զինված ուժերի մարտունակությունը, ընդհանուր խնդիրների կատարման գործընթացը: Եվ մենք ել անելու ենք ամեն ինչ, որպեսզի բանակի հզորության, մարտունակության հարցում փոփոխություններ չլինեն:
Հանդիպման վերջում ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը, օգտվելով առիթից, բուհի ղեկավարությանը` ի դեմս ռեկտոր Ա.Ղուկասյանի, նվիրեց իր` «Քսանմեկերորդ դարի բանակը» խորագրով հեղինակային գիրքը, որն օգտակար կլինի նաև հոգեբաններին, քանի որ այնտեղ ներառված են գաղափարական և հոգեբանական տարրեր: Այնուհետև նախարարը սուր նվիրեց ռեկտորին` մաղթելով, որ սուրը և գրիչը անբաժան լինեն:
Իր հերթին, Ա.Ղուկասյանը` ԵՊՄՀ գիտխորհրդի և իր անունից շնորհակալություն հայտնեց Ս.Օհանյանին` վերջինիս պարգևատրելով «Մանկավարժական համալսարան» ոսկե մեդալով:v Պաշտպանության նախարարը շնորհակալություն հայտնեց` նշելով, որ մեծ խոնարհումի պահ է ապրում մանկավարժների առջև. «Որքան բանիմաց և գրագետ են ձեր կրթած սաները, այնքան դյուրին է բանակում նրանց սովորեցնելը, զինվորական մասնագիտական պատշաճ մակարդակի հասցնելը: Դպրության օջախները այսօր մեր ուշադրության կենտրոնում պետք է լինեն: Դպրոցը պետք է լինի այսօրվա «պետպատվերը», դպրոցը պետք է լինի ամեն ինչի հիմքը, որովհետև այստեղ են կերտվում մարդիկ, որոնք առաջ են տանում ազգը» - եզրափակեց նախարարը: