Ս.Օհանյանը մասնակցեց «Փոքր Մհեր» կադետասեպուհական կրթահամալիրի սաների վերջին զանգի արարողությանը
24 May, 2008 00:00Ս.թ. մայիսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելեց ՀՀ ԿԳՆ «Փոքր Մհեր» կադետասեպուհական կրթահամալիր` ներկա լինելու 11-րդ դասարանի ավարտական վերջին զանգի հանդիսավոր արարողությանը, որին ներկա էին բարձրաստիճան սպաներ, հյուրեր, ծնողներ:
Արարողությունը հանդիսավոր խոսքով բացեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որը մասնավորապես ասաց.
«Հարգելի հայրենակիցներ, պարոնայք սպաներ, կրթահամալիրի սիրելի շրջանավարտներ,
Թույլ տվեք այս գեղեցիկ օրը շնորհավորել շրջանավարտներին` ուսումնառությունն ավարտելու կապակցությամբ և պաշտպանության նախարարության ողջ անձնակազմի, անձամբ իմ անունից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի անունից ողջունել և բարեմաղթանքներ հղել կրթահամալիրի ողջ անձնակազմին: Այս օրը տոն է ոչ միայն այստեղ, այլև ողջ հանրապետությունում, քանի որ ավարտական դասարանների դպրոցականները հրաժեշտ են տալիս իրենց կրթօջախներին: Այսօր երախտագիտության խոսքեր պետք է ասենք կրթահամալիրի հրամանատարությանը, ողջ անձնակազմին, քանզի կրթահամիլրը, մյուս ռազմամարզական վարժարանների հետ, մեծ առաքելություն է իրականացնում, ասել է թե` ռազմահայրենասիրական ոգով է դաստիարակում մատաղ սերնդին` այդ գործընթացում արտացոլելով նաև մեր ձեռքբերումները ազգային ազատագրական պայքարում:
Այսօր ներկա եղա նաև Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաների վերջին զանգի արարողությանը, որտեղ պատգամեցի, որ այս օրը բոլորիդ պարտավորեցնի հետագայում ևս լավ սովորել, ձեր գիտելիքներն ու ունակությունները, փորձը, կամային հատկանիշները, որ ձեռք եք բերել ֆիզիկական և մտավոր ուսումնառության ընթացքում, հետագայում էլ բազմապատկեք, կատարելագործեք ձեր կյանքի հաջորդ էջերում, որպեսզի արժանի զավակը դառնաք մեր ժողովրդի:
Շնորհավորում եմ ձեզ, ցանկանում հաջողություն և ուզում եմ նշել, որ մի քանի ամիս առաջ ՀՀ Նախագահ Ս.Սարգսյանի հետ այցելեցինք այս կրթահամալիր և նրա իսկ ցուցումով ուշադրության կենտրոնում ենք պահում այն` մասնավորապես համալրելով նյութատեխնիկակական բազան: Հավաստիացնում եմ ձեզ, որ հետայսու ևս ձեր կրթահամալիրը լինելու է պաշտպանության նախարարության ուշադրության կենտրոնում:
Շնորհավորում եմ և ցանկանում, որ այսօր յուրաքանչյուրդ հպարտության պահեր ապրի այն առումով, որ ձեր զավակները մասնակիցն են մեր հզոր բանակի կերտման ու կատարելագործման:
Բարի երթ և կանաչ ճանապարհ»:
Շնորհավորական խոսքով շրջանավարտներին ողջունեց նաև կրթահամալիրի խորհրդի նախագահ Ա.Մալխասյանը.
«Պարոն նախարար, հարգելի հյուրեր, սպաներ, ուսուցիչներ, սիրելի սաներ,
Շնորհավորում եմ ձեզ և միանում պաշտպանության նախարար Ս.Օհանյանի բոլոր մաղթանքներին, մաղթում հաջողություն` ձեր ապագա կյանքում և միանշանակ ասում, որ մենք ձեզ հրաժեշտ չենք տալիս. մեր կրթօջախի դռները միշտ բաց են ձեր առջև և հիշեք, որ դուք փոքրիկ Մհերներ եք:
Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ նախագահ Ս.Սարգսյանին, ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանին, և բոլոր նրանց, ովքեր աջակցություն են ցուցաբերել կրթահամալիրին և վստահեցնում, որ արդարացնելու ենք ձեր հույսերը` անելու ենք ամեն ինչ, որպեսզի կրթահամալիրից դուրս եկած յուրաքանչյուր ոք դառնա Հայաստանի Հանրապետության արժանավոր քաղաքացի:
Շնորհավորում եմ բոլորիս»:
Այնուհետև կրթահամալիրի սաները հանդիսավոր երթով անցան շարահրապարակով, հյուրերին ցուցադրեցին մարտական և ֆիզպատրաստության հնարքներ, որից հետո Ս.Օհանյանը շրջայց կատարեց կրթահամալիրում, տվեց հանձնարարականներ:
Հանդիսավոր արարողությունից հետո նախարարը հանդիպեց լրագրողներին: Այն հարցին, թե ինչպիսի՞ սերունդ է այսօր մեծանում, Ս. Օհանյանը պատասխանեց, որ այսօր հպարտության պահեր է ապրում, քանի որ ռազմահայրենասիրական դաստիարակությունը ռազմամարզական վարժարաններում բարձր հիմքերի վրա է դրված, որը մեր պետության, ռազմական ուժի բաղկացուցիչ մասն է, ասել է թե` պետք է պահպանել բոլոր արժանիքներն ու ձեռբերումները և դրանք փոխանցել մատաղ սերնդին: Կան մշակված ծրագրեր` այս ոլորտը զարգացնելու ուղղությամբ:
Նախարարը փաստեց նաև, որ կրթահամալիրը ՀՀ Նախագահ Ս.Սարգսյանի ցուցումով շեֆության կարգով անմիջապես կցված է պաշտպանության նախարարին և հավաստիացրեց, որ պատվով կկատարի բոլոր աշխատանքները. «Նման համալիրներ պետք է ստեղծել հանրապետության մյուս մարզերում ևս` ազգի արժանի զավակներ դաստիարակելու համար»:
Իսկ բանակում միջանձնյա հարաբերությունների վերաբերյալ հարցին նախարարը պատասխանեց, որ այդ ուղղությամբ մեծ աշխատանք է տարվում և, որ երիտասարդների շրջանում ինքնահաստատման պահեր կան. այս պարագայում յուրաքանչյուրի հանդեպ պետք է անհատական և տարբերակված մոտեցում ցուցաբերել, դաստիարակել նրանց կոլլեկտիվներում և կոլլեկտիվների միջոցով:
Ինչ վերաբերում է համազգեստին, ապա նախարարը նշեց, որ բանակը վաղուց է միանման համազգեստ կրում` թե տոնական, թե ամենօրյա և թե դաշտային: Պարզապես պահանջներն են իր կողմից խստացվել` մանավանդ հասարակական վայրերում. «Բանակում դա հաջողվել է, և խորհուրդ եմ տալիս մյուս կառույցներին, ովքեր կրում են համազգեստ, պատվով կրեն այն և հասարակության մեջ ներկայանալ ինչպես հարկն է»:
Այցի ավարտին նախարարը հաջողություն մաղթեց վարժարանում ուսումը շարունակող սաներին` ցանկանալով նրանց նորանոր նվաճումներ ուսման ասպարեզում: