ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
9 June, 2008 00:00Ս.թ. հունիսի 9-ին ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության մամուլի սրահում տեղի ունեցավ մամլո ասուլիս` ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի մասնակցությամբ:
Ինչպես լրագրողներին հայտնեց ՀՀ ՊՆ մամլո ծառայության պետ-պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Ս.Շահսուվարյանը, ասուլիսն անցկացվում է ՀՀ Կառավարության որոշման համաձայն, ըստ որի ՀՀ բոլոր գերատեսչությունների ղեկավարները պետք է զանգվածային լրատվամիջոցներին ներկայացնեն իրենց գերատեսչությունների` 2008-2012թթ. գերակա խնդիրները:
Ապա լրագրողներին ողջունեց ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը, որը, հակիրճ ներկայացնելով պաշտպանության բնագավառի գերակա խնդիրները, մասնավորապես ասաց.
«Վերջին շրջանում մեր հաճախակի հանդիպումները պայմանավորված են նախ նոր նշանակումների հետ: Բացի այդ, կարծում եմ, որ այն, ինչ կատարվում է զինված ուժերում, պետք է պատշաճ ներկայացվի հասարակությանը:
Մինչ մեր ծրագրերին և գերակա խնդիրներին անդրադառնալը, նշեմ, որ զինվորական ծառայությունն, ընդհանուր առմամբ, առանձնանում է մյուս ծառայությունների շարքում նրանով, որ իրականանում է դժվարությունների և զրկանքների գնով: Եվ հենց սրանում է նրա գերակայությունը մյուս ծառայությունների հանդեպ: Այդ իսկ պատճառով էլ Կառավարությունն առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է պահում պաշտպանության խնդիրները` ամրապնդելով նրա պաշտպանունակությունը, բարձրացնելով բանակի մարտունակության աստիճանը` համապատասխան աշխատանքներ ծավալելով հայրենասիրական ոգու պահպանման և քաղաքականության իրականացման ուղղությամբ:
Այս բարեփոխումների շրջանակներում Կառավարությունը հանդես է եկել և, հետայսու էլ, հանդես է գալու մի շարք օրենսդրական նախաձեռնություններով, որպեսզի ընդլայնվի քաղաքացիական վերահսկողությունը զինված ուժերի նկատմամբ:
ՀՀ զինված ուժերում 2008թ. գերակա խնդիրները կայանում են նրանում, որ հատուկ ուշադրության կենտրոնում են լինելու մեր ազատամարտիկների, զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների, ինչպես նաև զինված ուժերի ողջ անձնակազմի սոցիալական խնդիրները` առավել գործուն քայլեր կատարելով այդ ուղղությամբ: 2008թ. զինված ուժերում պլանավորել և անց ենք կացնում «Զինված ուժերի մարտական պատրաստությանը նոր որակ, բարեփոխումներին` հաստատուն ընթացք» կարգախոսի ներքո: Այս տարի օրենսդրական դաշտի ձևավորմանը զուգահեռ սպասվում է նաև «Պաշտպանության մասին» նոր օրենքի ընդունում, որից հետո նախատեսվում է ընդունել զինված ուժերի զարգացման ծրագիրը: Ինչպես նաև իրականացվելու են պայմանագրային հիմունքներով պրոֆեսիոնալ սերժանտական համակարգի կատարելագործմանն ուղղված աշխատանքներ: Նշեմ, որ սերժանտական կազմի մեկ թողարկում արդեն իրականացրել ենք, նախատեսվում է նաև երկրորդը:
Գերակա խնդիրներից է նաև զինված ուժերի սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման, կապի համակարգի կատարելագործումը. նախատեսվում է համադրել և հագեցնել զինված ուժերը նոր սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով, ինչպես նաև կապի ավտոմատ կառավարման համակարգի շրջանակներում` մարտական հրամանատարական համակարգով: Քանի որ մեր սահմանի երկայնքով մարտական հերթապահություն ենք իրականացնում` նաև զինված ուժերի դիրքերի ինժեներական սարքավորումների կատարելագործում:
Այս գերակա խնդիրները հիմք են հանդիսանում` զուգահեռ իրականացնելու նաև զինված ուժերի 2008թ. պատրաստության պլանով նախատեսված բոլոր միջոցառումները»:
Զինված ուժերի 2008թ. գերակա խնդիրները հակիրճ ներկայացնելուց հետո Ս.Օհանյանը պատասխանեց լրագրողների հարցերին:
Խաղաղապահ բրիգադի սպառազինության, ռազմական տեխնիկայի վերաբերյալ հնչեցրած հարցին նախարարը պատասխանեց, որ բրիգադի կազմավորումը նախատեսվում է եզրափակել 2015թ.-ին, իսկ այս տարի իրականացվելու են խաղաղապահ երկրորդ գումարտակի կազմավորման աշխատանքները. «Առայժմ բրիգադի սպառազինությունը և ռազմական տեխնիկան նույնն է, ինչ մեր զինված ուժերում: Տարբերությունը միայն համազգեստն է, որը համապատասխանում է ՆԱՏՕ-ի կողմից առաջադրված չափանիշներին: Հետագայում` զինված ուժերի զարգացման պլանի համաձայն, ուսումնասիրություններից և համապատասխան փորձի փոխանակումից հետո, կիրականացվեն քայլեր այդ ուղղությամբ:
Սահմանամերձ ճանապարհների ռազմավարական նշանակության և դրանց կառուցման առնչությամբ Ս.Օհանյանն ասաց, որ դրանք իրոք ռազմավարական նշանակություն ունեն, և, ելնելով դրանից, անմիջական կապ ունեն ՀՀ պաշտպանության նախարարության. վերջիններիս պլանավորման, կառուցման և իրականացման գործընթացում հաշվի է առնվում պաշտպանության նախարարության կարծիքը, որն էլ և մասնակցություն է ունենում այդ աշխատանքներին: Այս տարիների ընթացքում բավական մեծ աշխատանք է կատարվել այդ ուղղությամբ: Աշխատանքները շարունակվելու են, հատկապես այն մարզերում, որտեղ մեծ է շփումը բնակավայրերի և զինված ուժերի մարտական հերթապահության իրականացման կետերի միջև, օրինակ Տավուշի և Վայոց Ձորի մարզերում.«Իմ կողմից առաջարկվել է վերոնշյալ մարզերում այդ ճանապարհների կառուցումն իրականացնել այնպես, որպեսզի հետագայում դրանք փոխանցվեն սահմանապահ ծառայությանը:
Նոր կրթական համակարգի` 12-ամյա ուսուցման անցնելու հետ կապված խնդիրների առնչությամբ նախարարը հայտնեց, որ այդ համակարգին առնչվող խնդիրներին բանակը կանդրադառնա մի քանի տարի հետո` 2012թ.-ին: Ներկայումս հարցը քննարկման փուլում է, որից հետո անպայման կընդունվեն համապատասխան որոշումներ:
Սահմանամերձ բնակավայրերի առնչությամբ լրագրողի հայտնած մտահոգությանը նախարարը պատասխանեց, որ ամրաշինական կառույցների բարելավման գործընթացը շարունակվում է, իսկ ՀՀ Նախագահի հանձնարարությամբ այդ բնակավայրերին հատուկ ուշադրություն է դարձվում:
նախիջևանում գերի ընկած չորս հայ քաղաքացիների առնչությամբ Ս.Օհանյանը հայտնեց, որ ադրբեջանական կողմից տարածված լուրերն անհեթեթություն են. «Ադրբեջանի Հանրապետության կողմից հնչեցրած հայտարարություններին մեր պաշտպանության նախարարության ներկայացուցիչները մի քանի օր առաջ պատասխանել են: Նույն հաջողությամբ մենք կարող ենք ասել, որ ՀՀ տարածքում ինչ-ինչ պատճառներով հայտնված Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիները դիվերսանտներ են: Մեր քաղաքացիներին վերադարձնելու ուղղությամբ տարվում են համապատասխան աշխատանքներ: Որպես գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի նախագահ, մի քանի օր առաջ հանդիպել եմ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան ներկայացուցիչների հետ և հայտնել իմ մտահոգությունը այդ հարցի առնչությամբ: Ի սկզբանե ադրբեջանական կողմից պատրաստակամություն եղել է նրանց վերադարձնելու հարցում, սակայն հետո մտափոխվեցին: Կարծում եմ, մեր քաղաքացիները առիթ չունեն անհանգստանալու. ի վերջո նրանք վերադարձվելու են:
ԼՂՀ հիմնախնդրի լուծման առնչությամբ Ս.Օհանյանն ասաց, որ բոլորս կողմնակից ենք խնդրի` խաղաղ ճանապարհով կարգավորմանը: Պատերազմին վերադառնալ ոչ ոք չի ցանկանում, որովհետև պատերազմական ճանապարհով այս հարցը կարծես թե ժամանակին իր լուծումը ստացել է: Այսօր բանակցությունների հիմքում ընկած է խաղաղ կարգավորման ճանապարհով լուծումը. «Կարծում եմ, ՀՀ և ԱՀ Նախագահների այս վերջին հանդիպումը ցույց տվեց, որ նրանք պատրաստակամ են բանակցությունների ընթացքում ստեղծված հիմքերի վրա շարունակելու բանակցային գործընթացը»:
Նախարարը նշեց նաև, որ դաստիարակչական և կարգապահական աշխատանքների ուղղությամբ մեծ առաջընթաց է արձանագրվել բանակում.«Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ բանակում հանցագործությունների և դժբախտ պատահարների թիվը նվազելու միտում ունի: Տարեցտարի ավելանում է վերադարձողների թիվը, որոնք, բանակից խուսափելու նպատակով, հեռացել էին երկրից: Կա նաև սահմանված կարգի խախտման վերաբերյալ օրենսդրական փաթեթ, ըստ որի ծառայությունից խուսափած և 27 տարին լրացած քաղաքացին համապատասխան վճարում է կատարում յուրաքանչյուր զորակոչի համար, որից հետո դադարեցվում է քրեական հետապնդումը վերջինիս հանդեպ:
Իսկ Աֆղանստան խաղաղապահ առաքելություն ուղարկելու առնչությամբ նախարաը պատասխանեց, որ այս հարցն առաջադրվել է նաև Բրյուսելում` ԱԳԳԾ շրջանակներում զեկույցի ժամանակ, ի պատասխան որի նշվել է, որ բանակցություններ են վարվում պատրաստակամություն հայտնած համապատասխան կողմերի հետ: Նախարարը նշեց նաև, այսօր հերթական հերթափոխն ենք ուղարկում Կոսովո` արդեն վաշտի կարգավիճակով` ընդլայնելով մեր խաղաղապահ առաքելությունը: