Հերթական խորհրդակցությունը ՀՀ ՊՆ նորակառույց համալիրում

18 June, 2008 00:00
Ս.թ. հունիսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը հերթական խորհրդակցությունն անցկացրեց ՀՀ ՊՆ նորակառույց համալիրում: Խորհրդակցությանը մասնակցում էր ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ ողջ ղեկավար և հրամանատարական կազմը:

Ս.Օհանյանը նախ ողջունեց մասնակիցներին` նշելով, որ հերթական խորհրդակցության նպատակն է այս ժամանակահատվածում իրականացվող միջոցառումների վերաբերյալ ցուցումներ տալը. 2008թ. 1-ին կիսամյակում զինված ուժերում կատարված կարևոր խնդիրների ամփոփումը, ինչպես նաև 2008թ. ուսումնական տարվա 2-րդ կիսամյակը պատշաճ մակարդակով անցկացնելու համար իրականացվելիք աշխատանքները: Նախարարը նշեց նաև, որ մեկնարկել է ՊՆ նոր համալիրի կառուցման եզրափակիչ փուլը և համապատասխան ճշգրտումներ պետք է կատարել ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ վարչությունների պետերի, ինչպես նաև շինարարների հետ, իսկ զորքերի հրամանատարական կազմը կծանոթանա այն շենքին, որտեղից ղեկավարվելու է: Անդրադառնալով ամփոփիչ ստուգումների արդյունքներին, Ս.Օհանյանն ասաց, որ բոլոր զորամասերն հիմնականում բավարար գնահատական են ստացել, և, որ հաջորդ ստուգումներն ավելի խիստ են լինելու. «Ստուգումները պետք է եզրափակվեն ինքնուրույն: Բոլոր ստորաբաժանումները պետք է ստուգման ենթարկվեն տարբեր կատեգորիայի տարբեր օղակների կողմից: Յուրաքանչյուր ստորաբաժանման հրամանատար պետք է ձգտի, որպեսզի ամենախիստ և ամենահետևողական ստուգման ենթարկվի հենց իր ստորաբաժանումը` հետագայում պատրաստ լինելու այդ կառույցը վերադասին պատշաճ և անթերի ներկայացնելու: Ստուգման ընթացքում հարկ է լինել անաչառ` տվյալ օղակին հետագայում համապատասխան և ճիշտ օգնություն ցուցաբերելու նպատակով: Տեղ գտած թերությունները պետք է ներկայացնել համարձակ և իրատեսական` առանց վախենալու ցածր գնահատականի համար վերադասի կողմից որևէ հետապնդումից»: Նախարարը նշեց նաև, որ իրականացվող բարեփոխումների վերջին խնդիրը վերաբերում է ղեկավարման, ուսուցման համակարգերին և դաստիարակությանը. «Ինչպես էլ տունը կառուցես, վերջին խնդիրը, բացի այն կահավորելուց, մնում է ապրուստի կազմակերպումը: Բարեփոխումների իրականացման մեր վերջին խնդիրն է ուսուցումը և դաստիարակությունը թե մշտական տեղակայման վայրերում, և թե մարտական հերթապահություն իրականացնելիս: Իսկ յուրաքանչյուր կառույցում ուսուցման գործընթացը սկսվում է անհատի ուսուցումից և ավարտվում ստորաբաժանման ներդաշնակմամբ»: Այնուհետև նախարարը ղեկավար կազմին հանձնարարեց ս.թ. հուլիսին կայանալիք կոլեգիայի նիստին պատրաստել զեկույցներ և ելույթներ ուսուցման և դաստիարակության, բարոյահոգեբանական մակարդակի բարձրացման վերաբերյալ` ուսումնասիրելով տարբեր բանակներում գործող առաջատար չափանիշները` դրանք մշակելու և մեր բանակում ներդնելու նպատակով. «Մենք ունենք մարտավարական դաշտեր, արգելագոտիներ, որոնք մարտի դաշտ են հանդիսանում և որոնք պետք է հագեցնել իրական մարտավարական միջոցներով. կրակ, պայթյուն, անգնդակ փամփուշտներ` յուրաքանչյուրին հոգեբանորեն պատրաստելու, մարտական ոգին կոփելու նպատակով: Ի վերջո, ոգին է հաղթանակ բերում»: Ս.Օհանյանը հանձնարարեց նաև լուրջ պլանավորում իրականացնել ինժեներական ոլորտում, հատուկ ուշադրություն դարձնել ինժեներական աշխատանքներին առաջին գծում, ինչը թելադրվում է հակառակորդի կողմից: Ինչպես նաև լուրջ ուշադրություն դարձնել բարձրագույն ռազմաուսումնական հաստատություններ և ակադեմիաներ ընդունելության գործընթացին. «Հրամանատարը պետք է հիմնավորի իր` բարձրագույն ՌՈՒՀ կամ ակադեմիա ընդունվելու նպատակով զինծառայողին տված միջնորդությունը, ինչպես նաև պետք է հիմնավորի իր մերժումը: Միայն գիտելիքները բավարար չեն նման հաստատություն ընդունվելու համար. պետք է հաշվի առնել նաև տվյալ զինծառայողի ձգտումը և վերաբերմունքը ծառայության հանդեպ. բարեխիղճ վերաբերմունքը»: Նախարարը կարևորեց նաև անձնակազմի հաշվառման խնդիրները, ինչի բացակայության դեպքում են նաև տեղի ունենում դժբախտ պատահարներ, իսկ վերջիններիս հետևանքով նաև բանակի արժանապատվության անկում. յուրաքանչյուր պետ, հրամանատար պարբերաբար պետք է անձնակազմի հետևողական ստուգումներ անցկացնի. յուրաքանչյուր ոք պետք է լինի իր տեղում, ինչպես նաև որևէ աշխատանք լիարժեք իրականացնելու համար պետք է կատարել ներգրավվող ուժերի և միջոցների հաշվարկ: Ս.Օհանյանը հանձնարարեց նաև առաջնորդվել զինված ուժերի կարգախոսով` «Զինված ուժերի պատրաստությանը` նոր որակ, պաշտպանական բարեփոխումներին` հաստատուն ընթացք», որտեղ նոր որակը որևէ կապ չունի իրականացվող բարեփոխումների հետ. նոր որակ նշանակում է առավել լուրջ վերաբերմունք գործին. «Կարգախոսներն աննպատակ չեն ծնվում. դրանք գրվում են գործի համար և այդ գործերը տարվում են մինչև վերջ»: Նախարարը հանձնարարեց սրան ավելացնել նաև ևս մեկ կարգախոս` հայատառ գրված առաջին նախադասությունը. «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ», ասել է, թե սովորել, ձեռք բերել գիտելիքներ և հետևել խրատներին. «Դեռևս հանճարեղ Մեծն Մեսրոպ Մաշտոցն է խոսել սրա մասին. ինչքան էլ զարգանանք, միևնույն է, ամեն ինչի հիմքում ընկած է գիտելիքը»: Նախարարը նաև հանձնարարեց. 1. յուրաքանչյուրին` իրեն վերաբերող մասով, ուսումնասիրել և տալ առաջարկություններ բարեփոխումների ծրագրի փոփոխման վերաբերյալ` ուսումնասիրելով ՀՀ ռազմական դոկտրինը, 2. կազմել աշխատանքային խմբեր` տվյալ ստորաբաժանման կառուցվածքը և հաստիքները վերանայելու նպատակով, ինչպես նաև կազմել վերջինիս վերաբերյալ աշխատանքային գրաֆիկ, 3. զորամասերում անցկացնել հանդիպումներ զինվորների ծնողների հետ` «Պատիվ ունեմ ներկայանալու» խորագրով, որպեսզի վերջիններիս պարզ լինի, թե որտեղ է ծառայում իրենց որդին, ով է հրամանատարը, ինչ զորամաս է և ինչ մարտական ուղի է անցել, 4. բարձրացնել կարգապահությունը զինված ուժերում: Խորհրդակցության ավարտին Ս.Օհանյանը հանձնարարականներ տվեց նաև ՀՀ ՊՆ նորակառույց համալիրի ավարտական աշխատանքների վերաբերյալ` կապված կապի, անվտանգության համակարգերի և բարեկարգման խնդիրների հետ: