Շրջայց ՀՀ ՊՆ նորակառույց շենքում
19 June, 2008 00:00Ս.թ. հունիսի 19-ին ՀՀ Նախագահ Ս.Սարգսյանը` ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի և ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմի ուղեկցությամբ շրջայց կատարեց ՀՀ ՊՆ նորակառույց շենքում, տեղում ծանոթացավ առկա խնդիրներին, տվեց ցուցումներ:
Այնուհետև, ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմի հետ հանդիպման ժամանակ ՀՀ Նախագահը նախ որջունեց վերջիններիս, ապա իր խոսքում մասնավորապես ասաց.
«Ձեր մեծ մասին ես ճանաչում եմ: Դուք էլ ինձ եք լավ ճանաչում. գիտեք իմ բնավորության գծերը, ծանոթ եք իմ աշխատաոճին, ուստի, կարծում եմ, նախախոսքի կարիքը չունենք:
Գիտեք նաև, որ ինձ համար մեր երկրի պաշտպանունակության, մեր զինված ուժերի ամրապնդման և, ընդհանրապես, մեր երկրի անվտանգության խնդիրները միշտ եղել են ամենից կարևորները: Համոզված եղեք, որ իմ եռանդը չի պակասել, որ իմ ջանքերը կրկնապատկվելու են, որ, չնայած գոյություն ունեցող բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրներին, զինված ուժերը մեր երկիրը պաշտպանելու համար միջոցների կարիք չեն ունենալու: Միջոցների կարիք չունենալը, իհարկե, չի նշանակում, որ պետք է ճոխություններ, ավելորդություններ լինեն. մենք խնդիր ունենք այդ միջոցներն արդյունավետ օգտագործելու և լավագույն արդյունքների հասնելու:
Կարծում եմ, հարկ է լսել ՀՀ պաշտպանության նախարարի զեկույցը` 2008թ. կատարված աշխատանքների և առկա խնդիրների վերաբերյալ, որից հետոև կառաջադրվեն նոր խնդիրներ»:
Այնուհետև ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն ամփոփ զեկուցեց 2008թ.-ին կատարված և կատարվելիք աշխատանքների մասին, խոսեց զինված ուժերի առջև ծառացած խնդիրների և դրանց կատարման ընթացքի մասին` նշելով, որ 2008թ. զինված ուժերի պատրաստության պլանի` 1-ին կիսամյակին պլանավորված միջոցառումները` «ՀՀ զինված ուժերի պատրաստությանը` նոր որակ, պաշտպանական բարեփոխումներին` հաստատուն ընթացք» կարգախոսի ներքո, հիմնականում կատարված են:
Նախարարը նշեց նաև, որ առանձնակի ուշադրություն է դարձվել մարտական հերթապահության իրականացմանը և սահմանների պաշտպանությանը:
Ս.Օհանյանի ամփոփ զեկույցից հետո ՀՀ Նախագահ Ս.Սարգսյանը ցուցումներ տվեց ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմին` առանձնահատուկ խնդիրների լուծման ուղղությամբ, և, վերջիններիս հետ ՀՀ ՊՆ նորակառույց համալիրում շրջայցը եզրափակելուց հետո, ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը պատասխանեց լրագրողների հարցերին` նշելով, որ սա ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարի` այս պաշտոնում առաջին այցն էր պաշտպանության նախարարություն` ընդ որում նորակառույց համալիր` կահավորման և աշխատանքների եզրափակման ընթացքին ծանոթանալու ուղղությամբ:
Նախարարը նշեց նաև, որ զեկույցից հետո ՀՀ Նախագահը պատասխանեց ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հարցերին` ընդ որում ստեղծելով այնպիսի մթնոլորտ, որպեսզի վերջիններս կարողանան համարձակ արտահայտել իրենց տեսակետները և խոսել մտահոգիչ հարցերի մասին:
Իսկ նախօրեին Տավուշի մարզի Չինարի գյուղում հակառակորդի գնդակից զոհված երկու և մեկ վիրավոր գյուղացիների առնչությամբ լրագրողի տված հարցին Ս.Օհանյանը պատասխանեց, որ ՀՀ սահմանամերձ բնակավայրեր կատարած իր առաջին այցերից մեկը եղել է հենց այդ գյուղ և, որ նման մտահոգություն իր մոտ էլ է եղել, սակայն դիրքերի տեղաբաշխումն այնպիսին է, որ այդ բնակավայրը ցանկացած պահի կարող է գնդակոծվել հակառակորդի կողմից. «Ադեկվատ միջոցառումներ են կիրառվել այդ ուղղությամբ. ես հրամանատարներին ցուցում եմ տվել նման դեպքերում համապատասխան պատժամիջոցներ կիրառել հակառակորդի նկատմամբ: Այն կրակակետերը, որտեղից հակառակորդը անընդհատ կրակ է բացում, պետք է մեր կողմից անընդհատ կրակային ճնշման տակ պահվեն»:
Ի պատասխան ՊՆ նորակառույց շենքը` ս.թ. սեպտեմբերի 21-ին շահագործման հանձնելու առնչությամբ հնչած հարցին, նախարարն ասաց, որ բացի համալիրի շահագործման հիմնական պլանից, իր կողմից նախատեսվել է նաև շենքի` կահավորման և շինաշխատանքների ավարտման առանձին պլան, ըստ որի, ինչպես արդեն հանձնարարվեց, համալիրի հանդիսավոր բացումը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին, և զինված ուժերի ղեկավարումը կկարողանանք իրականացնել արդեն նոր պայմաններում. սա նշանակում է, որ անձնակազմի տեղաբաշխումը նոր շենքում կիրականացվի այդ իսկ օրվանից. «Ըստ ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետի` շենքի մանրակերտի և նախագծի հիման վրա զեկույցի, համալիրի շինաշխատանքներն 95 տոկոսով իրականացված են: Ինչպես տեսնում եք, այս շենքը համապատասխանում է ժամանակակից չափանիշներին և, համեմատելով այլ երկրների համապատասխան կառույցների հետ, կարող եմ ասել, որ չենք զիջում»:
Իսկ ՊՆ ներկայիս շենքի ճակատագրի առնչությամբ նախարարն ասաց, որ ներկայումս պաշտպանության նախարարությանը պատկանող շենք-շինությունները գտնվում են ՊՆ հաշվեկշռում:
Նախիջևանում գերի ընկած 4 հայ քաղաքացիների առնչությամբ էլ Ս.Օհանյանը նշեց, որ նոր տեղեկություններ չկան, սակայն գիտենք, որ նրանց առողջական վիճակը նորմալ է. «Աշխատանքները համապատասխան միջազգային կառույցների հետ շարունակվում են և, կարծում եմ, նրանց հետ կվերադարձնեն»: