ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Ա.Փայտյանի ողջույնի խոսքը

24 June, 2008 00:00
Ս.թ. հունիսի 23-ից 26-ը Հայաստանում անցկացվող «Համատեղ աղեղ, Համատեղ նիզակակիր և Խիզախ լուսան-2008» զորավարժությունների վերջնական համադրման համաժողովի բացման արարողությանը

Հարգելի գործընկերներ, հյուրեր Ողջունում եմ ձեզ և շնորհավորում բոլորիս` Հայաստանում «Համատեղ աղեղ, Համատեղ նիզակակիր և Խիզախ լուսան» զորավարժությունների վերջնական համադրման համաժողովի մեկնարկի առթիվ: Նախորդ համաժողովների և երկկողմ հանդիպումների ժամանակ բավական ծավալուն աշխատանքներ են իրականացվել զորավարժությունների պլանավորման և բարձր մակարդակով անցկացման ուղղությամբ: Հստակեցվել են կողմերի խնդիրներն ու պարտավորությունները, կատարվող աշխատանքների ոլորտներն ու ծավալները, իրականացվել են բնակկենցաղային պայմանների ապահովման շինարարական և վերանորոգման աշխատանքներ, որոնք շարունակվում են և ժամանակին կավարտվեն, կատարվել է պաշտոնների և պարտավորությունների բաշխում, կողմերը համաձայնության են եկել փոխըմբռնման հուշագրի ստորագրման վերաբերյալ, որը հայկական կողմն արդեն ստորագրել է և ՆԱՏՕ-ի կողմից ստորագրվելուց հետո սահմանված կարգով կընդունվի Հայաստանի Կառավարության կողմից: Սակայն, դեռևս առկա են խնդիրներ, որոնց վերաբերյալ այս համաժողովի ընթացքում համատեղ քննարկումների արդյունքում վերջնական որոշումներ կկայացնենք: Անցյալ համաժողովների արդյունքները հիմք են տալիս արձանագրելու կատարված աշխատանքների արդյունավետությունը, և, հատկապես ուզում եմ նշել և շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին` համագործակցության մեջ շահագրգռվածության, համաժողովի կազմակերպման խնդիրներում ցուցաբերած աջակցության և միջոցառմանն ակտիվ մասնակցության համար: Համոզված եմ, որ այս համաժողովը ևս կանցնի փոխըմբռնման և ջերմ մթնոլորտում` նոր առաջընթաց արձանագրելով զորավարժությունների` բարձր մակարդակով անցկացման գործընթացում: Բոլոր մասնակիցներին մաղթում եմ արդյունավետ աշխատանք և հաջողություն: