Ս.Օհանյանն այցելեց Եռաբլուր զինվորական պանթեոն
29 June, 2008 00:00Ս.թ. հունիսի 29-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմի և անհայտ կորած ազատամարտիկների ծնողների ու հարազատների ուղեկցությամբ, այցելեց Եռաբլուր զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու զոհված ազատամարտիկների հիշատակին:
Ս.Օհանյանը ծաղկեպսակ դրեց անհայտ կորած ազատամարտիկների հուշակոթողին, որից հետո զրուցեց ծնողների և հարազատների հետ:
Այնուհետև նախարարը, պատասխանելով լրագրողների հարցերին, մասնավորապես ասաց. «Նախ ասեմ, որ այսօր հիշատակի օր է և մեր հարգանքի տուրքն ենք մատուցում` այցելելով Եռաբլուր` անհայտ կորածների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Պարտավոր ենք այսօր այդ անել. այլ բան է զոհված ազատամարտիկի, և բոլորովին այլ բան` անհայտ կորածի հարազատ, որի ճակատագիրն անհայտ է: Ցավոք, գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի և պետական այլ կառույցների կողմից կատարված աշխատանքների արդյունքները քիչ են, որովհետև հասարակական կազմակերպությունների միջոցով ենք կարողանում կապ հաստատել հակառակ կողմի հետ և այս պարագայում պետական մակարդակով կապի բացակայությունը որոշակի դժվարություններ է առաջացնում, ինչը, սակայն, հաջողվում է իրականացնել մեր հնարավորությունների սահմաններում: Վերջերս ի հայտ եկած հայտնի տեսաերիզը որոշակի լույս է սփռում 1992թ. հունիսի 29-ին անհայտ հանգամանքներում անհետացած Արաբոյի և ևս երկու ջոկատների ճակատագրի վերաբերյալ: Այդ ուղղությամբ Հանձնաժողովն անցկացրել է երկու նիստ, հանդիպումներ անհայտ կորածների հարազատների հետ և մեր կողմից խոսք է տրվել որոնողական-հետախուզական աշխատանքներ իրականացնել` նրանց հետքերը գտնելու կամ դիակները հայրենիք վերադարձնելու ուղղությամբ»:
Եռաբլուրում հիշատակի տուրք մատուցելուց հետո ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Երևանի Կամերային երաժշտության տանը մասնակցեց անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվան նվիրված ցերեկույթին:
Ցերեկույթի մասնակիցները նախ մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգեցին անհայտ կորածների հիշատակը, ապա Ս.Օհանյանը խոսքով դիմեց անհայտ կորածների հարազատներին.
«Սիրելի հայրենակիցներ, անհայտ կորածների սիրելի հարազատներ,
Նախ թույլ տվեք ՀՀ պաշտպանության նախարարության ողջ անձնակազմի, գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի և անձամբ իմ անունից հիշատակի այս օրը ողջունել ձեզ և մեր մեծ խոնարհումը հայտնել ձեզ, նաև բոլոր այն տղաներին, ովքեր իրենց կյանքն են նվիրել այսօրվա համար, հայրենիքի ազատության համար, ինչպես նաև նրանց, ովքեր մարտնչելով, այնուամենայնիվ այսօր անհայտության մեջ են:
Հայ ժողովրդի նորագույն պատմությունն արժևորվեց ազգային ազատագրական շարժմամբ, որն իր արտացոլումը ստացավ պայքարում և արցախյան գոյամարտում:
Արցախը կործանման շեմին էր և արցախյան բնակչության հետ միասին Հայաստանի բոլոր ծաքերից տղաներ ոտքի ելան և մեկնեցին ռազմաճակատ` մեր ինքնությունը, մեր ազատությունը, մեր արժանիքները պաշտպանելու համար: Այդ ճանապարհին, դաժանությունների այդ հորձանուտում մենք ունեցանք կորուստներ: Կորուստներ, որոնք ֆիզիկապես անդառնալի են, սակայն հոգեպես` երբեք. նրանց հոգիները երկնքից հսկում են մեզ, նրանց հոգիներից մեզ եկող հուրը, ջերմությունը արտացոլվում են մեր այսօրվա սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության մեջ: Պետք է խոստովանենք նաև, որ նրանք զրկել են մեզ սխալվելու իրավունքից և պետք է անենք ամեն ինչ` նրանց կիսատ թողած գործը վերջնակետին հասցնելու համար: Յուրաքանչյուր պատերազմ իրենից ներկայացնում է կորուստ, զրկանք, ինչին պետք է պատրաստ լինենք: Նժդեհի խոսքերով` «Հաղթանակները կպտղաբերեն, եթե դաշտերը ոռոգված լինեն արյամբ»: Դեռ անցյալ դարասկզբին` հայ ժողովրդի համար օրհասական պահին, Արամ Մանուկյանն ասել է. «Եկել է ժամանակը, երբ հայ մայրերը պետք է իրենց զավակներին զոհաբերեն մեր հայրենիքի համար. եթե նրանք չկատարեն իրենց վսեմ առաքելությունը, ապա հայրենիքը կորսված է»: Մեր մայրերն իրենց առաքելությունը կատարեցին. այս ազգային ազատագրական շարժման ընթացքում մենք շուրջ 6000 զոհ ենք ունեցել:
Մեր մեծ խոնարհումն եմ հայտնում բոլորին. չափազանց դժվար է չիմանալ զավակի, եղբոր, հարազատի ճակատագիրը և երկար ու ձիգ տարիներ, սեղմելով շրթունքները, զսպելով արցունքները` համբերել, տանել: Եկել է ժամանակը, երբ մենք փոքր-ինչ հնարավորություն ունենք իրապես տեղեկանալ մեր եղբայրների ճակատագրի մասին: Մենք մեկ խորհուրդ պետք է արժևորենք. այս իրադրությունում միակ սփոփանքն այն է, որ մեր որդիների պայքարի շնորհիվ ունենք ազատ, անկախ Հայաստան և Արցախ, մենք կարողացանք բարձր պահել մեր ժողովրդի արժանապատվությունը` ապացուցելով, որ կարող ենք ապրել, արարել: Եվ յուրաքանչյուրը հպարտություն պետք է ապրի, որ նաև իր զավակի պայքարի շնորհիվ է այսօր հնարավոր խաղաղ արարումը: Ի վերջո, մենք բոլորս կամավոր ենք նվիրվել այդ սուրբ առաքելությանը: Կարիք չկա սխալներ փնտրել, վերլուծել. պայքարի ընթացքում եղել են բացթողումներ, թերություններ, որոնք չէին կարող չլինել 1992թ.-ին նոր-նոր կազմավորվող բանակում:
Աշխատում ենք անել ամեն հնարավորը` մեր եղբայրների մարմինները վերադարձնելու և հայրենի հողում ամփոփելու համար, ինչը չափազանց դժվար է, քանի որ ադրբեջանական կողմի հետ մեր շփումներն այնքան էլ հստակ չեն, հատկապես, երբ նրանք հրաժարվում են Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ որևէ առնչություն ունենալ:
Կրկին մեծ խոնարհում եմ հայտնում ձեզ, և թող ձեր զավակների հիշատակը միշտ վառ մնա մեր սրտերում»: