Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ
28 June, 2008 00:00Ի պատասխան զանգվածային լրատվամիջոցների մի շարք ներկայացուցիչների` Ադրբեջանի զինված ուժերի օրվա առթիվ ս.թ. հունիսի 26-ին Բաքվում անցկացված զինվորական շքերթի վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարության դիրքորոշումը ներկայացնելու խնդրանքին, տեղեկացնում եմ, որ շքերթներին մասնակցող զինված ուժերի հագեցվածության և կազմակերպվածության վերաբերյալ տպավորություն ստանալու համար մեզ առավել հետաքրքիր է դիտել ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, ինչու ոչ, նաև Թուրքիայի և, ռազմական կարողությունների տեսանկյունից, այլ առաջատար երկրների շքերթները: Իսկ զինված ուժերի սպառազինության արդիականության վերաբերյալ պատկերացում կազմելու առումով առավել օգտակար է մասնակցությունը ռազմական տեխնիկայի բազմաթիվ ցուցահանդեսներին:
Ինչ վերաբերում է Ադրբեջանում կազմակերպված զինվորական շքերթին, ապա այն մենք դիտարկում ենք որպես հարևան երկրում իրականացված տոնական միջոցառում միայն` կազմակերպված տեղական բնակչության և հյուրերի համար: