Շրջանավարտների բաշխման գործընթացը շարունակվում է
3 July, 2008 00:00Շարունակվում է ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների` ըստ ծառայության վայրի բաշխման գործընթացը:
Ս.թ. հուլիսի 3-ին, ՀՀ պաշտպանության նախարարության մեծ դահլիճում տեղի ունեցավ Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի և օտարերկրյա ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների` վիճակահանությամբ բաշխումը: Արարողությանը ներկա էր նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որը ողջունեց նորաթուխ սպաներին` իր խոսքում մասնավորապես ասելով.
«Սիրելի լեյտենանտներ,
Շնորհավորում եմ ձեզ` ռազմաուսումնական հաստատություններ ավարտելու կապակցությամբ:
Այս միջոցառումը ևս ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների գործընթացներից է, որը նպաստելու է պաշտպանության նախարարության համակարգում կադրային ճիշտ քաղաքականության վարմանը և անաչառությանը:
Ավարտելով ռազմաուսումնական հաստատությունները, դուք ձեռք եք բերել տեսական գիտելիքներ, որոնք կիրառելու եք մեր զինված ուժերում ծառայության ընթացքում: Տարբեր առիթներով բազմիցս նշել եմ, որ սպայի մասնագիտությունը հերոսական մասնագիտություն է. մենք երազել ենք ունենալ ազատություն, անկախություն` այդպիսով նաև մեր ազգային բանակը: Սրանք արժեքներ են, որոնք պետք է պահպանել` վերագնահատելով այն, ինչ ձեռք ենք բերել` քաղելով առաջատարների փորձը:
Ծառայության ընթացքում առնչվելով տարբեր խնդիրների` պետք է տեսնեք և վերհանեք լավը, զարգացնեք այն` զուգորդելով դրանք ձեր գիտելիքների հետ:
Չհամակերպվեք նկատված թերությունների, բացթողումների հետ. պետք է պայքարել դրանց դեմ. պայքարելով է սպան հմտություն ձեռք բերում: Պետք է կիրառեք ձեր գիտելիքները և զարգացնեք դրանք. հետագայում ռազմական ակադեմիաներում սովորելու հնարավորություն է տրվելու միայն բարձր գիտելիքներ և հեռանկար ունեցող, բարեխիղճ զինծառայողներին: Դուք եք, որ լրացնելու եք մեր հայ զորավարների համաստեղությունը, դուք եք, որ փոխարինելու եք մեզ:
Մաղթում եմ ձեզ հաջողություն և փայլուն զինվորական կարիերա: Զինծառայողների հետ առնչվելիս եղեք պահանջկոտ, համարձակ, բայց բարոյական. առավելագույն համբավ ունեցել են այն հրամանատարները, ովքեր առավելագույնս մոտ են կանգնած եղել ժողովրդին, իրենց ենթականերին:
Եղեք ժողովրդական»:
Ս.Օհանյանի ողջույնի խոսքից հետո անմիջապես մեկնարկեց վիճակահանության գործընթացը, որի ժամանակ, ի դեպ գրանցվեց միակ բացառությունը. նախարարի ցուցումով երկու շրջանավարտներ ամուսինների հնարավորություն ընձեռվեց ծառայել միևնույն զորամասում:
Այնուհետև նախարարը հանդիպեց լրագրողներին և պատասխանեց վերջիններիս հարցերին:
Լրագրող- Պարոն նախարար, Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետում նոր բաժիններ բացվելո՞ւ են:
Ս.Օհանյան- Ոչ:
Լրագրող – Իսկ ի՞նչ կասեք Բիշքեկ կատարած Ձեր աշխատանքային այցի առնչությամբ:
Ս.Օհանյան- Բիշքեկում, ինչպես արդեն գիտեք, մասնակցեցի ԱՊՀ անդամ-պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին, որի ընթացքում հիմնականում հաշվետվություններ էին` կատարված աշխատանքների վերաբերյալ: Ապա քննարկվեցին և ստորագրվեցին ռազմական համագործակցության բնագավառի վերաբերյալ մի շարք փաստաթղթեր:
Այցի ընթացքում հանդիպում եղավ նաև Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարի հետ. քննարկեցինք շփման գոտում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի նվազեցմանն առնչվող, ինչպես նաև անհայտ կորած ազատամարտիկների ճակատագրի վերաբերյալ խնդիրներ: Ի դեպ, Ադրբեջանում գտնվող հայ գերիների առնչությամբ Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարը նշեց, որ համապատասխան աշխատանքներ իրականացնելուց հետո հնարավոր կլինի նրանց փոխանակումը կամ վերադարձը:
Իսկ Չինարի գյուղում տեղի ունեցած դժբախտ դեպքերի առնչությամբ Ս.Օհանյանը նշեց, որ հայկական զինված ուժերի կողմից իրականացված միջոցառումների շնորհիվ ադրբեջանական կողմում էլ կան զոհեր: