Պաշտպանության նախարարը հավատում է երիտասարդության ներուժին
28 July, 2008 00:00Ս.թ. հուլիսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպեց «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի Ամառային դպրոցի ունկնդիրներին:
Կենտրոնի ղեկավար, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը շնորհակալություն հայտնեց պաշտպանության նախարարին հանդիպման առաջարկն ընդունելու համար և համառոտ ներկայացրեց «Հայաստանը և տարածաշրջանը արդի միջազգային քաղաքական համակարգում» խորագրով կազմակերպված դպրոցի նպատակներն ու ունկնդիրներին` նկատելով, որ այս կերպ մասնավորապես փորձ է արվում լրացնել երկրի պաշտպանունակության և ազգային անվտանգության ոլորտի վերաբերյալ բուհական երիտասարդության գիտելիքների պակասը: Սեյրան Օհանյանը ողջունեց ներկաներին, կարևորեց պաշտպանության նախարարության և «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի օրեցօր խորացող համագործակցությունը: Նախարարը նշեց, որ պատիվ է շփվել երիտասարդության հետ, ում ձեռքերում է Հայաստանի ապագան: Հանդիպման ավարտին նախարարը վերստին անդրադարձավ երիտասարդության հանդեպ ունեցած հավատին, նրանց ներուժը առավելագույնս երկրին ի սպաս դնելու կարևորությանը, իսկ մինչ այդ` Սեյրան Օհանյանը հանգամանալից անդրադարձավ հայոց զինուժի ստեղծմանն ու կազմավորման առանձնահատկություններին, բանակի անցած փուլերին և ներկա խնդիրներին, պարզաբանումներ տվեց ընթացող պաշտպանական բարեփոխումների մասին և պատասխանեց Ամառային դպրոցի ունկնդիրների հարցերին:
Ունկնդիրներին հուզող հարցերի շրջանակը մեծ էր: Ակնհայտ էր, որ նրանք լրջորեն էին նախապատրաստվել նախարարի հետ հանդիպմանը: Տեղեկատվական անվտանգությանն ու Ադրբեջանի ռազմաշունչ հայտարարություններին վերաբերող հարցեր, ակնկալություն, որ աճող սերնդի դաստիարակությունը նոր հիմքերի վրա պետք է դրվի, մտահոգություն` տեղեկատվական պայքարի պասիվ դրսևորման համար, ինչպես նաև հարց` զորահավաքային ռեսուրսների նպատակային պատրաստության մասին: Այս և այլ հարցերը հնչեցին անկաշկանդ մթնոլորտում, իսկ պաշտպանության նախարարը պատասխանեց հնարավորինս մանրակրկիտ: Բարձրացված խնդիրների մի մասի առնչությամբ Ս. Օհանյանը երիտասարդներին խոստացավ մոտ օրերս նվիրել իր հեղինակած «21-րդ դարի բանակը» գիրքը: Նախարարը նաև խոստացավ, որ զորամասեր կատարելիք այցի ժամանակ դպրոցի ունկնդիրները զինվորական բորշչ կհամտեսեն, ինչը հանդիպման մասնակիցներն ընդունեցին մեծ ոգևորությամբ: Թեև ապագա քաղաքագետները, միջազգայնագետներն ու լրագրողները չէին սպառել իրենց հարցերը, այդուհանդերձ եզրափակիչ հարցի իրավունքը տրվեց հոգևոր ճեմարանի սանին: Ի դեպ, Ամառային դպրոցի ունկնդիրների թվում կան ՊՆ ռազմական հաստատությունների կուրսանտներ ևս: