100 առանձնատուն` 100 օրում

30 July, 2008 00:00
Ս.թ. հուլիսի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, համահայկական միջազգային երիտասարդական (ՀՄԵ) կենտրոնի հրավերքով, ՀՀ Արարատի մարզի Ջրաշեն գյուղում մասնակցեց Արցախյան գոյամարտում զոհված և հաշմանդամ դարձած ազատամարտիկների, ինչպես նաև սոցիալապես անապահով երիտասարդ ընտանիքների համար առանձնատների կառուցման ծրագրի մեկնարկին:

Ս.Օհանյանը Ջրաշենում նախ ջերմ ընդունելության արժանացավ. համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի մասնակից-անդամները և գյուղացիները ավանդական աղուհացով դիմավորեցին նախարարին: Ծրագիրը մեկնարկեց տերունական աղոթքով, որից հետո ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը կառուցվող շենքի հիմքում տեղադրեց ծրագրի մեկնարկն ազդարարող արծաթափայլ գլանակում ամփոփված հուշաթուղթը, որում մասնավորապես ասված էր. «2008թ.ի հուլիսի 30-ին Համահայկական միջազգային երիտասարդական (ՀՄԵ) կենտրոնը` ՀՀ պաշտպանության նախարարության համագործակցությամբ ՀՀ Արարատի մարզի Ջրաշեն գյուղում արձանագրելով Խաչատրյանների տան շինարարական աշխատանքների սկիզբը, հանդիսավորությամբ ազդարարում է Արցախյան գոյամարտում զոհված և հաշմանդամ դարձած ազատամարտիկների, ինչպես նաև սոցիալապես անապահով երիտասարդ ընտանիքների համար երիտասարդների և պատանիների ուժերով հարյուր առանձնատների կառուցման ծրագրի մեկնարկը»: Այնուհետև Ս.Օհանյանը զրուցեց գյուղացիների հետ, լսեց վերջիններիս խնդիրները, պատասխանեց նրանց հուզող հարցերին: Իսկ նախարարի հետ ունեցած առանձնազրույցում ՀՄԵ կենտրոնի ղեկավար Անդրանիկ Նիկողոսյանը հավելեց, որ նախատեսվում է կառուցել հարյուր առանձնատուն` հարյուր օրում: Ի դեպ, բոլոր առանձանտներն էլ կառուցվելու են բացառապես երիտասարդների և պատանիների ուժերով: Ապա, ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը գյուղացիների հետ այցելեց Ջրաշեն գյուղի զոհված ազատամարտիկների շիրիմներին` հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին: Այցի ավարտին նախարարը շնորհակալություն հայտնեց հավաքի և ծրագրի կազմակերպիչներին` նշելով, որ երիտասարդությունը, նման միջոցառումների շնորհիվ, ճիշտ է ուղղորդվում պետության կերտման ճանապարհին, ինչը նպաստում է ռազմահայրենասիրական դաստիարակության բարձրացմանը և ազգային գաղափարախոսության զարգացմանը: