Մենք հաղթանակի ժառանգներն ենք

14 October, 2008 00:00
Ս.թ. հոկտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնակցեց Երևանի «Հաղթանակ» զբոսայգում` «Մարտական փառքի» թանգարանի հրապարակում կազմակերպված «Մենք հաղթանակի ժառանգներն ենք» միջազգային ակցիայի շրջանակներում իրականացվող միջոցառմանը, որին մասնակցում էին նաև ՌԴ բանակի գեներալ Վ.Երմակովը, ՌԴ պետդումայի պատգամավոր Գ.Սելեզնյովը, բարձրաստիճան սպաներ, Հայրենական Մեծ Պատերազմի վետերաններ, երիտասարդներ:

Միջոցառումը հանդիսավոր խոսքով բացեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա.Նազարյանը, որը նախ ողջունեց վետերաններին և ապա շնորհավորեց վերջիններիս` ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի առթիվ: Ապա ելույթ ունեցավ ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը, որն իր` վետերաններին ուղղված խոսքում նախ ողջունեց նախաձեռնությունը, ապա նշեց, որ Հայաստանում չկա որևէ ընտանիք, որը կորուստ չի կրել այդ պատերազմում. «Եթե չլիներ Մեծ Հայրենականի վետերանների բազմաչարչար աշխատանքը և նրանց` մեզ տված դաստիարակությունը, ապա այսօր այսպիսի հաջողություններ չէինք ունենա»: Այնուհետև ելույթ ունեցան «Մենք հաղթանակի ժառանգներն ենք» միջազգային ակցիայի կենտրոնական շտաբի նախագահ, ՌԴ բանակի գեներալ Վիկտոր Երմակովը, Ուկրաինայի վետերանների միության նախագահը, Հայաստանի վետերանների միության փոխնախագահը, վետերաններ, որից հետո ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը «Մարշալ Բաղրամյան» գերատեսչական մեդալով պարգևատրեց Վ.Երմակովին, որն էլ իր հերթին նախարարին պարգևատրեց «Մենք հաղթանակի ժառանգներն ենք» կրծքանշանով` շնորհակալական իր խոսքում նշելով, որ ինչպես բոլոր հայ ընտանիքները, այնպես էլ Ս.Օհանյանի ընտանիքը անմասն չեն այդ պատերազմում կրած կորուստներից, դեռ ավելին` Ս.Օհանյանն այսօր շարունակում է իր պապերի գործը: Իսկ Ուկրաինայի վետերանների միության նախագահը` Ուկրաինայի վետերանների անունից Ս.Օհանյանի միջոցով «Մայր Հայաստան» զինվորական թանգարանին փոխանցեց հուշագիր` պատգամելով երիտասարդներին հավատարիմ մնալ մեր պապերի բարի ավանդույթներին: Միջոցառման ավարտին հաջորդեց հանդիսավոր քայլերթ, որից հետո ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը, միջոցառման շրջանակներում, պատասխանեց լրագրողների հարցերին: