Ս.Օհանյանն այցելեց Կարբիի միջնակարգ դպրոց

25 November, 2008 00:00
Ս.թ. նոյեմբերի 25-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, ինչպես նաև Կառավարության այլ անդամներ, այցելեցին Արագածոտնի մարզի Կարբի գյուղ` Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոց:

Դպրոցը, որը վերջերս է վերանորոգվել «Թեքեյան» մշակութային կենտրոնի միջոցներով, հյուրերին դիմավորեց ծափողջույններով և ավանդական աղուհացով, որից հետո Կառավարության անդամներն այցելեցին դպրոցի մարզահրապարակ, որտեղ, ֆիզիկական վարժություններին զուգահեռ անցկացվում էր նաև աշակերտների շարային պատրաստություն, ապա մասնակցեցին դպրոցի հրաձգարանի բացման հանդիսավոր արարողությանը: Այստեղ աշակերտները ցուցադրեցին կրակային վարժասարքից օգտվելու հմտություններ` ցույց տալով գերազանց արդյունքներ: Այս առիթով ՀՀ կրթության և գիտության նախարարի հետ զրույցում Ս.Օհանյանն առաջարկեց դպրոցներում միասին ստեղծել նաև զինավաններ` զինվորական, շարային պատրաստության գործնական պարապմուքներ անցկացնելու համար: Իսկ դպրոցի տնօրեն Արսեն Օհանյանը նշեց, որ արդեն բարի ավանդույթ է ձևավորվել. յուրաքանչյուր տարի դպրոցի ուսուցչական կոլլեկտիվն այցելում է ԼՂՀ զորամասեր` տեղում ծանոթանալու իրենց շրջանավարտների ծառայության պայմաններին: Ի դեպ, աշակերտների շրջանում նախնական զինվորական պատրաստության լավագույնս անցկացման համար դպրոցի զինղեկին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով շնորհվեց պահեստազորի «կապիտան» հերթական զինվորական կոչում: Նախարարները շրջեցին նաև դպրոցի դասասենյակներում, եղան ռազմագիտության կաբինետում, որը, ՀՀ պաշտպանության նախարարի աջակցությամբ, կահավորվել և հագեցվել է սարքավորումներով: Այնուհետև կառավարության անդամները, վարչապետի գլխավորությամբ, եղան դպրոցի վերանորոգված դահլիճում, որտեղ ներկա գտնվեցին դպրոցի երգչախմբի համերգային ելույթին: Միջոցառման ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը պատասխանեց լրագրողների հարցերին` մասնավորապես նշելով, որ նախատեսվում է առաջիկա երեք տարում հանրապետության բոլոր դպրոցներում ստեղծել ռազմագիտության նման դասասենյակներ: