Աշխատանքային խորհրդակցություն` նվիրված պաշտպանական ռազմավարական վերանայման գործընթացին

13 January, 2009 00:00
Ս.թ հունվարի 13-ին ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչներ` ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի գլխավորությամբ, մասնակցել են պաշտպանական ռազմավարական վերանայման գործընթացի առաջին փուլի արդյունքների քննարկմանը նվիրված աշխատանքային խորհրդակցությանը, որն անցկացրել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Նշենք, որ հինգ փուլից բաղկացած այս գործընթացը նախատեսված է ավարտել մինչև 2010թ. ապրիլ ամիսը:

Հանրապետության նախագահը, բացելով խորհրդակցությունը, նշել է, որ այսօր կրկին անդրադարձ է լինելու զինված ուժերի կատարելագործման և պաշտպանական համակարգի ռազմավարական վերանայման գործընթացին. «Մեկ անգամ չէ, որ խոսել ենք մեր բանակի դերի ու նշանակության, նրա անընդհատ և առաջանցիկ զարգացման կարևորության մասին: Պարբերաբար լինելով զորամասերում, ես անձամբ հետևում եմ գործընթացին, տարվող աշխատանքներին, կենսապայմաններին, բարոյահոգեբանական մթնոլորտին և, իհարկե, մարտական պատրաստության աշխատանքներին: Զարգացումն, ինչ խոսք, ակնառու է և ակնհայտ` դրված կայուն հիմքերի վրա: Այստեղ որևէ կասկած լինել չի կարող: Բայց սա խնդրի մի կողմն է միայն, և մենք սրանով չենք կարող բավարարվել: Ժամանակակից պայմաններում պաշտպանական համակարգը համալիր մի հաստատություն է, որը ոչ միայն պետք է համահունչ լինի ժամանակի պահանջներին, այլև` անընդհատ պետք է ձգտի համաքայլ լինել առկա լավագույն չափանիշներին: Այս տեսանկյունից պետք է ի վիճակի լինենք ոչ միայն հետևել և տիրապետել աշխարհում տեղի ունեցող զարգացումներին, այլև ինքներս պետք է առանձին ուղղություններով առաջամարտիկի դեր ստանձնենք: Մենք պարտավոր ենք մի որևէ բնագավառում ասել, որ սա չափանիշ է և այստեղ մենք հասել ենք լավագույն ցուցանիշների: Կատարված աշխատանքը և դրված նպատակները գնահատելու համար համեմատականներն այլևս անցկացնելու եմ լավագույն չափանիշների հարթությունում: Սա մեզ համար պետք է հստակ լինի: Այսօր մեր առջև առավել բարձր նշաձող պետք է դնենք և վստահ շարժվենք այդ ուղղությամբ: Ավելորդ է ասել, որ սա պահանջում է ամենօրյա հետևողական ու համակարգված աշխատանք: Ինչպես զինված ուժերում «հանգստի օրեր» չեն լինում, այդպես էլ բարեփոխումները չեն կարող ունենալ «հանգստի օրեր». բարեփոխումները չեն կարող զարգանալ ընդհատումներով, դրանցով մենք պետք է զբաղվենք անընդհատ: Ելնելով ռազմական դոկտրինում ամրագրված սկզբունքներից` իմ կողմից ձևավորված միջգերատեսչական հանձնաժողովն ըստ սահմանված ժամանակացույցի անց է կացնում պաշտպանական ռազմավարական վերանայման գործընթացը: Հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը և պաշտպանության նախարարը: Սա կարևոր գործընթաց է` միտված համակարգված հիմքերի վրա դնելու մեր զինված ուժերի պլանավորումն ու զարգացումը: Սա հատկապես կարևոր է զինված ուժերին տրամադրվող միջոցների առավել արդյունավետ օգտագործման, առկա սպառնալիքներին համաչափ կարողությունների զարգացման և դրանց արձագանքման տեսանկյունից»-ասել է Սերժ Սարգսյանը: Խորհրդակցությանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զեկուցել է պաշտպանական ռազմավարական աշխատանքները համակարգող միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի առաջին փուլի` ՀՀ անվտանգության միջավայրի և սպառնալիքների գնահատման փաստաթղթի նախագծի մշակման մասին և ընդգծել, որ այն նպատակ է հետապնդում ապահովել առկա և հավանական սպառնալիքներին համարժեք պաշտպանական ոլորտի հեռանկարային զարգացումը: Խորհրդակցության ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց նկատառումներն ու տեսակետները` առաջարկվող փաստաթղթի վերաբերյալ: Ամփոփելով աշխատանքները, ՀՀ Նախագահ Ս.Սարգսյանն ասել է, որ վտանգի գնահատումը չի կարող լինել դոգմատիկ. «Որոշակի ժամանակահատվածի կտրվածքով այն պետք է վերանայվի ու վերագնահատվի, իսկ գնահատականների հիմք հանդիսացած վերլուծությունները մշտապես պետք է թարմացվեն»: Նախագահի գնահատմամբ, նման մասշտաբի աշխատանք առաջին անգամ է կատարվում` առնվազը, գոնե այսպիսի համակարգված հարթությունում. այն կարելի է ընդունել որպես հիմք, իսկ հաջորդ փուլերում հանձանժողովը պետք է ձեռնամուխ լինի պլանավորման ղեկավար փաստաթղթերի մշակմանը: