ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի հանդիպումը ԶԼՄ ներկայացուցիչների հետ
24 January, 2009 00:00Ս.թ. հունվարի 24-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի տարեկան հաշվետու զեկույցը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա էին զանգվածային լրատվամիջոցների ղեկավարներ, տարբեր գերատեսչությունների մամլո քարտուղարներ, մամլո ծառայության պատասխանատուներ, պաշտպանության նախարարությունում հավատարմագրված լրագրողներ:
Հանդիպման սկզբում Ս.Օհանյանը նախ ողջունեց հրավիրվածներին` ՊՆ նորակառույց վարչական համալիրում, ապա իր զեկույցում ներկայացրեց պաշտպանության բնագավառի` 2008թ. արդյունքները, ինչպես նաև 2009թ. հիմնական խնդիրները` մասնավորապես նշելով.
«Հարգելի լրագրողներ, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ
ՀՀ ԶՈՒ 2008թ. ուսումնական տարվա պլանային միջոցառումների կատարման արդյունքները թույլ են տալիս արձանագրել, որ զինված ուժերը ևս մեկ աստիճանով բարձրացրել են մարտունակությունը, պատվով կատարել իրենց գլխավոր խնդիրը` ՀՀ սահմանների պաշտպանությունը:
ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատի, զինված ուժերի զորամիավորումների, միավորումների, զորամասերի պատրաստությունն ընթացել է 2008թ. ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն. շարունակվել է մարտական և զորահավաքային պատրաստականության, զորքերի մարտական պատրաստության, զինվորական կարգապահության և զորքերի ծառայության մակարդակի բարձրացումը:
ՀՀ զինված ուժերի մարտունակության ամրապնդման վրա մեծ ազդեցություն են ունեցել զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ և հրամանատարաշտաբային զորախաղերը, մարտավարական զորավարժությունները, ինչի արդյունքում բարձրացել են պաշտոնատար անձանց գործնական ունակությունները: Զինված ուժերի օպերատիվ և արդյունավետ ղեկավարմանն է այսուհետ նպաստելու նաև 2008թ.-ի ամենակարևոր ձեռքբերումներից մեկը` աշխատանքներն արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ նորագույն միջոցներով հագեցված ՀՀ պաշտպանության նախարարության նորակառույց վարչական համալիրը:
Անցյալ տարի առաջին անգամ, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ղեկավարությամբ, ՀՀ ԶՈՒ ԲԿ-ների կառավարման մարմինների հետ անցկացվել են երկկողմանի, երկաստիճան, ռազմավարական, հետազոտական, հրամանատարաշտաբային զորախաղեր, որոնց ընթացքում զորամիավորումներում և ենթակա զորամասերում իրականացվել են նաև մարտական պատրաստության համալիր ստուգումներ:
Համապատասխան աշխատանքներ են տարվել զորահավաքային խնդիրների իրականացման ուղղությամբ:
2008թ. ուսումնական տարում ՀՀ զինված ուժերում ներդրվել է պայմանագրային ավագ սերժանտների համակարգը, վերամշակվել և գործողության մեջ է դրվել 4-ամսյա դասընթացների ծրագիրը: Տարվա ընթացքում մշակվել, տպագրվել և զորքեր է ուղարկվել 12 անուն մասնագիտական գրականություն: Ի դեպ, զորքերին է բաշխվել նաև իմ կողմից մտածված և արդեն տպագրված սպայի աշխատանքային օրագիրը, ինչպես նաև ԶՈւ անձնակազմին ուղղված Ուղերձը, որոնց օգնությամբ սպաները կկազմակերպեն իրենց առօրյա աշխատանքները:
Ինժեներական զորքերի զորամասերում ուսումնական տարվա մարտական պատրաստության գործընթացը կատարվել է ողջ ծավալով. պաշտպանական գոտիներում կատարվել են ամրաշինական կառույցների կատարելագործման, ինչպես նաև մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի կենցաղային պայմանների բարելավման զգալի աշխատանքներ:
Հրթիռա-հրետանային զորամասերում շարունակվել է զորատեսակի մարտական պատրաստականության կատարելագործման գործընթացը: Իրականացվել են բարելավման և ընդլայնման աշխատանքներ կապի համակարգում. 2008թ. մեր կապավորները մասնակցեցին Գերմանիայում և Խորվաթիայում անցկացված «Համատեղ ձգտում 2008» զորավարժությանը` արժանանալով զորվարժությունների ղեկավարների բարձր գնահատականներին:
2008թ.-ին կուտակեցինք զենքի, զինամթերքի« նյութական և տեխնիկական ժամանակակից միջոցների, վառելիքի պահուստային զգալի պաշարներ: Շարունակվում է զինված ուժերի` տեխնիկայի և սպառազինության արդիականացման գործընթացը: Աշխատանքներ են տարվել զորամասերի նյութատեխնիկական բազայի բարելավման ուղղությամբ:
Զիվորական հոսպիտալների և զորամասային օղակի բժշկական ծառայության միջոցով իրականացվել է ՀՀ ԶՈՒ զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, ինչպես նաև ժամկետային զինծառայողների ընտանիքների անդամների բուժապահովման կազմակերպումը: Բուժկանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով հոսպիտալներն այսօր հագեցած են ժամանակակից բժշկական սարքավորումներով և բուժգործիքներով, համալրված են բժիշկ-մասնագետներով:
Կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման աշխատանքներն ընթացիկ տարում ևս իրականացվել են տարեկան ծրագրերին համապատասխան: Բարելավվել են զինվորների կենցաղային պայմանները, կառուցվել են նոր, հարմարավետ զորանոցներ, ճաշարաններ, բուժկետեր, պահակատներ, բաղնիք-լվացքատներ: Իրականացվել են նաև զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման աշխատանքներ. զինծառայողներին են հանձնվել ծառայողական բնակարաններ, զոհված, անօթևան, 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամ դարձած զինծառայողներին` բնակարան ձեռք բերելու համար, հատկացվել է 3 միլիարդ դրամ փոխհատուցում:
2008թ. ընթացքում աշխատանքներ են տարվել ռազմական կրթության մակարդակի բարձրացման և կադրային ճիշտ քաղաքականություն վարելու ուղղությամբ: Ընթացքում է անձնակազմի` պայմանագրային զինծառայողներով, սերժանտներով ու հատուկ քաղաքացիական ծառայողներով համալրման գործընթացը:
Լուրջ քայլեր կատարեցինք նաև զինված ուժերում կարգուկանոնն ամրապնդելու ուղղությամբ: Բանակում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը բարձրացնելու և զինվորի առօրյան էլ ավելի բովանդակալից դարձնելու նպատակով զորքերում կազմակերպվել և անցկացվել են տոնական միջոցառումներ` նվիրված ՀՀ պետական տոներին, զորատեսակների օրերին և ականավոր հայորդիների հոբելյաններին:
2008թ.-ին ՀՀ պաշտպանության նախարարության կողմից իրականացված համակողմանի ռազմական համագործակցությունն ուղղորդվել է Հայաստանի ռազմական անվտանգության ապահովմանը, զինված ուժերի մարտունակության ամրապնդմանը և նրա փոխգործակցության հնարավորությունների ընդլայնմանը ինչպես երկու կարևորագույն անվտանգության համակարգերի` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և Հյուսիս-Ատլանտյան Դաշինքի կազմակերպության շրջանակներում, այնպես էլ այս կազմակերպությունների անդամ պետությունների և Հայաստանի մյուս գործընկերների հետ:
ՀԱՊԿ շրջանակներում անցյալ տարի Հայաստանում անցկացվեցին «Ռուբեժ-2008», իսկ ՆԱՏՕ-ի ծրագրով նախատեսված` «Համատեղ աղեղ/Համատեղ նիզակակիր - 2008», «Խիզախ լուսան 2008» մարտավարական զորավարժությունները, որոնց գլխավոր խնդիրն է զինծառայողների անհատական պատրաստությունը, բարոյահոգեբանական բարձր որակների և մարտական ոգու ձևավորումը:
Լուրջ աշխատանքներ են կատարվել պաշտպանական բարեփոխումների իրականացման ուղղությամբ: Պաշտպանական բարեփոխումների` հեռանկարային առումով տարվա ձեռքբերումներից էր պաշտպանության ռազմավարական վերանայման մեկնարկը. ՀՀ Նախագահի հրամանագրով ստեղծվեց ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի և ՀՀ պաշտպանության նախարարի համանախագահությամբ և բոլոր շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, կազմավորվեցին փորձագիտական խմբեր: Հաստատվեց նաև պաշտպանության ռազմավարական վերանայման պլան-ժամանակացույցը, որով նախատեսվում է 2008-2010թթ. ընթացքում փուլ առ փուլ ավարտին հասցնել վերոնշյալ գործընթացը:
Շարունակվել է ՀՀ` միջազգային խաղաղապահ ակտիվ գործունեությունը. 2008թ.-ին կրկնապատկվեց հայ խաղաղապահների թիվը Կոսովոյում` զորախմբի թվաքանակը դասակի մակարդակից հասցնելով վաշտի մակարդակի: Ակտիվացել է համագործակցությունը ԱՄՆ Եվրոպական հրամանատարության հետ: Քայլեր են ձեռնարկվել նաև տարածաշրջանային պետությունների հետ ռազմաքաղաքական կապերի ամրապնդման ուղղությամբ: Իրականացված վերոնշյալ միջոցառումները փաստում են, որ ՀՀ զինված ուժերը պատվով են կատարել իրենց գլխավոր խնդիրը: Հավաստիացնում եմ, որ մեր զինված ուժերը պատրաստ են դիմակայել ցանկացած ոտնձգության:
Նման ռազմական և ռազմաքաղաքական համագործակցության արդյունքում ընդլայնվել է պաշտպանության բնագավառի իրավա-պայմանագրային դաշտը: Ընդունվել են «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին», «Պաշտպանության մասին» ՀՀ նոր օրենքները, որոնց միջոցով տարանջատվում են պաշտպանության նախարարության և զինված ուժերի գլխավոր շտաբի գործառույթները` ն պաստելով իրականացվող կառուցվածքային փոփոխությունների արդյունավետությանը, ինչպես նաև ՀՀ Նախագահ-պաշտպանության նախարար-զինված ուժերի գլխավոր շտաբի պետ ուղղահայաց հարամանատարական շղթայի հստակեցմանը:
Այսպիսով, ԶՈւ ղեկավարումն իրականացվել է ԶՈւ` 2008թ. կարգախոսի համաձայն. «ՀՀ զինված ուժերի պատրաստությանը` նոր որակ, պաշտպանական բարեփոխումներին` հաստատուն ընթացք»:
Ցավով պետք է նշեմ, սակայն, որ հաշվետու ժամանակահատվածում զինված ուժերում եղել են բացթողումներ, ունեցել ենք կորուստներ, որոնք վերացնելու ուղղությամբ տարվում են լուրջ աշխատանքներ և որոնց մասին այսօր, կարծում եմ, չարժե խոսել: Զինված ուժերի զարգացմանը, կատարելագործմանն ու արդիականացմանն ուղղված միջոցառումներն ու աշխատանքներն, ինչ խոսք, շարունակվելու են նաև 2009թ.-ին:
Շարունակվելու են սպառազինության, տեխնիկայի, ռազմատեխնիկական պահեստամասերի և գույքի պաշարների կուտակման ու դրանց շահագործման, նաև զինծառայողների սոցիալական պաշտպանության խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքները, զորահավաքային ռեսուրսների պատրաստությունը, ղեկավարման համակարգի կատարելագործումը, զորքերի կառավարման ավտոմատացված համակարգի ներդրումը:
Օգտագործելով Օպերատիվ կարողությունների հայեցակարգի սկզբունքները, մշակվում են նոր չափանիշներով ուսումնական ծրագրեր: Հստակեցվում են նաև աղետների և ճգնաժամի ժամանակ զինված ուժերի խնդիրները, մասնակցությունը իրավիճակային կենտրոնի աշխատանքներին:
Զինված ուժերում կադրային և կրթական քաղաքականություն իրականացնելիս շարունակելու ենք համակարգը համալրել տեսական և գործնական գիտելիքներով օժտված զինծառայողներով. բարձրացվելու է բոլոր օղակների հրամանատարների անմիջական պատասխանատվությունը կադրային նշանակումների նկատմամբ:
ՀՀ զինված ուժերի 2009թ.-ի հիմնական խնդիրն է նաև բարձրացնել. բոլոր օղակների հրամանատարների և շտաբների կարգապահական և կատարողական պատասխանատվությունը, հմտորեն օգտագործել գործող հասարակական օղակների աշխատանքների արդյունավետությունը, բարելավել զորքերի ծառայությունը, մարտական հերթապահության կատարման որակը, մարտական դիրքերի պաշտպանական տեղամասերում մարտակարգերի բոլոր տարրերի ինժեներական կահավորման աստիճանը:
2009թ.-ին մարտական պատրաստության գլխավոր խնդիրն է համարվելու զինծառայողների անհատական պատրաստության և մարտավարական զորավարժությունների միջոցով զորքերի ներդաշնակման, նրանց դաշտային վարժվածության կատարելագործումը, բարոյահոգեբանական բարձր որակների, մարտական ոգու ձևավորումը:
Ուսումնասիրվելու և վերլուծվելու են զինծառայողների սոցիալական պաշտպանության ուղղությամբ առկա, բայց դեռևս լուծում չստացած առավել կարևոր հիմնախնդիրներ:
Այս և նման միջոցառումներն, ինչ խոսք, կնպաստեն ՀՀ զինված ուժերի մարտունակության էլ ավելի բարձրացմանն ու կարգապահության ամրապնդմանը»:
Զեկույցից հետո ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը պատասխանեց մի շարք լրագրողների հարցերին:
Ապա ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության և ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ իրականացվող աշխատանքների լուսաբանման գործում ունեցած ավանդի, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի կազմավորման 17-րդ տարեդարձի առթիվ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալով պարգևատրվեցին.
- «ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ» օրաթերթի գլխավոր խմբագիր Ֆլորա Նախշքարյանը,
- «ԱԶԳ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը,
- «ԱՎԱՆԳԱՐԴ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Ջուլիետա Մարտիրոսյանը,
- «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր Տիգրան Ֆարմանյանը,
- «ՖՐԱՆՍՊՐԵՍՍ» լրատվական գործակալության լրագրող Մարիամ Հարությունյանը,
- «ՄԻՐ» միջպետական հեռուստառադիոընկերության հայկական մասնաճյուղի ռադիոհաղորդումների գլխավոր խմբագիր Գրիգորի Պետրոսյանը,
- «ՄԵԴԻԱՄԱՔՍ» լրատվական գործակալության լրագրող Արտակ Բարսեղյանը,
- «ՖՈՏՈԼՈՒՐ» գործակալության ֆոտոթղթակից Մելիք Բաղդասարյանը,
- «ԱՐՏ 13» հեռուստաընկերության գլխավոր ռեժիսոր Արթուր Վարդանյանը,
- «ՀԱՅԼՈՒՐ» լրատվական գործակալության օպերատոր Կարեն Գրիգորյանը:
ՀՀ պաշտպանության նախարարի նույն հրամանի համաձայն պատվոգրով պարգևատրվեցին «Մարտիկ» հաղորդաշարի ստեղծագործական խմբի անդամներ`
- ռեժիսոր Հրաչյա Աղաջանյանը,
- ռեժիսոր, ՀՀ ՊՆ 70179 զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Գուրգեն Հովսեփյանը,
- օպերատոր Կարեն Աղոյանը,
- լրագրող Սերոբ Հարությունյանը,
- լրագրող Սյունէ Համբարձումյանը,
- հեռուստամեկնաբան Զարուհի Վարդանյանը:
Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը լուսանկարվեց ԶԼՄ պարգևատրված ներկայացուցիչների, ինչպես նաև «Մարտիկ» ստեղծագործական խմբի անդամների հետ: