Ս.Օհանյանն ընդունեց միջազգային փորձագիտական խմբին

20 March, 2009 00:00
Ս.թ. մարտի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց մեթոդաբանական խորհրդատվությամբ ս.թ. մարտի 12-ից Հայաստանում գտնվող միջազգային փորձագիտական խմբին:

Հանդիպման սկզբում Ս.Օհանյանը նշեց, որ այցի ընթացքում ՊՆ փորձագետների հետ համատեղ իրականացված ինտենսիվ և արդյունավետ աշխատանքները մեծապես կօժանդակեն պաշտպանության ռազմավարական վերանայման երկրորդ փուլը հաջողությամբ իրականացնելուն: Նախարարը նշեց նաև, որ պաշտպանության ռազմավարական վերանայման իրականացման աշխատանքները համակարգող և շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներից կազմված միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքները գտնվում են ՀՀ Նախագահի մշտական ուշադրության կենտրոնում, ինչը աշխատանքների հաջող իրականացման լավ նախադրյալ է: Ապա Ս.Օհանյանը փաստեց, որ հանձնաժողովն ավարտել է սպառնալիքների գնահատման գործընթացը, ինչը բավարար է վերանայման երկրորդ` պլանավորման փուլն իրականացնելու համար, որն առավել աշխատատար է և բազմակողմանի մասնագիտական ներդրում է պահանջում և որի կարևորագույն խնդիրներից է նաև զինված ուժերի առաքելությունների և խնդիրների հստակ սահմանումը: Միջազգային փորձագետներն, իրենց հերթին, բարձր գնահատեցին վերանայման առաջին փուլում իրականացված աշխատանքները և գործընթացում ներգրավված անձնակազմի մասնագիտական բարձր պատրաստվածությունը` ներկայացնելով միջազգային փորձն ու մեթոդաբանությունը` վերանայման հաջորդ փուլերն իրականացնելու համար: Հանդիպման ընթացքում Ս.Օհանյանը կարևորեց նաև պաշտպանական համակարգում և մասնավորապես զինված ուժերում պլանավորման նախադրյալներից, առաքելություններից և խնդիրներից բխող առկա բացերի հայտնաբերման խնդիրը, որը կքննարկվի հանձնաժողովի առաջիկա նիստի ընթացքում: Հանդիպման ավարտին Ս.Օհանյանը շնորհակալություն հայտնեց պատվիրակության անդամներին` շահագրգիռ օժանդակության համար` բարձր գնահատելով խմբի կողմից տրամադրվող փորձագիտական խորհրդատվության նշանակությունը: