ՀՀ պաշտպանության նախարարի շրջայցը
18 May, 2009 00:00Ս.թ. մայիսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Հայկազ Բաղմանյանի և բարձրաստիճան մի խումբ սպաների ուղեկցությամբ աշխատանքային այցով եղավ հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտու պաշտպանությունն իրականացնող զորամիավորման ստորաբաժանումներում և մարտական դիրքերում:
Զորամիավորման մշտական տեղակայման վայրում պաշտպանության նախարարը հանդիպեց զորամիավորման և ենթակա ստորաբաժանումների հրամանատարական կազմի հետ: Զորամիավորման հրամանատար, գնդապետ Հովիկ Օհանյանը հակիրճ ներկայացրեց զորամիավորման մարտական խնդիրները և պլանային աշխատանքների ընթացքը: Աշխատանքների կատարման ժամանակացույցի վերաբերյալ տրվեցին համապատասխան հանձնարարականներ:
Այցի շրջանակներում Ս. Օհանյանը եղավ նաև մոտոհրաձգային զորամասերից մեկում, ծանոթացավ զորամասում ընթացող շինարարական և վերանորոգման աշխատանքներին, զրահատեխնիկայի և ավտոմոբիլային փոխադրամիջոցների հավաքակայանում տեխնիկական միջոցների պահպանմանը, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին:
Սահմանագոտու ամենաբարձր դիրքերից մեկում, որտեղ մարտական հերթապահություն են իրականացնում պայմանագրային զինծառայողները, դիտարկվեցին պաշտպանական ամրակառույցների և խրամուղիների ստեղծման և կատարելագործման ուղղությամբ կատարվող աշխատանքների ընթացքը, տեղում տրվեցին հանձնարարականներ, ճշտվեցին խրամուղիների ինժեներական կահավորման ժամանակացույցերը: Պայմանագրային զինծառայողների հետ զրույցում` Ս. Օհանյանը հետաքրքրվեց նրանց ծառայողական առօրյայով ու խնդիրներով, սոցիալ կենցաղային պայմաններով, նշումներ կատարեց այցելությունների և ստուգումների մատյանում: Իրենց պարտականությունները լավագույնս կատարող պայմանագրայինները պարգևատրվեցին անվանական ժամացույցներով: