Զորակոչի ընթացքը մշտապես վերահսկվում է
1 June, 2009 00:00Գարնանային զորակոչի ընթացքին տեղում ծանոթանալու և իրականացվող աշխատանքները ստուգելու նպատակով, հունիսի 1-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելեց հանրապետական կենտրոնական հավաքակայան: Նախքան շրջայցը Ս. Օհանյանը զրուցեց ծառայության մեկնող երիտասարդների ծնողների և հարազատների հետ: Հարցերը, որոնք ուղղվեցին նախարարին, հիմնականում վերաբերում էին սահմանված արտոնություններից զինակոչիկների օգտվելու կարգին, բուժհետազոտությանը, իրենց մասնագիտությամբ ծառայելու պայմաններին:
Ծնողներին հուզող հարցերին Ս. Օհանյանը տվեց սպառիչ և հանգամանալից պատասխաններ, իսկ լրացուցիչ ուսումնասիրության ենթակա հարցերի առնչությամբ կկայացվեն համապատասխան որոշումներ:
Բանակ զորակոչվող պատանիներից շատերը նախարարի հետ զրույցի ժամանակ ասացին, որ բանակ են մեկնում մեծ ոգևորությամբ, հպարտությամբ և պարտքի կատարման բարձր գիտակցությամբ: Ս. Օհանյանը հետաքրքրվեց նրանց առողջական վիճակով, ֆիզիկական կոփվածությամբ և մասնագիտական ու կրթական ունակություններով: Զինակոչիկներին բարի ծառայություն և խաղաղ երկինք մաղթելուց հետո, պաշտպանության նախարարը ծանոթացավ նաև բուժհանձնաժողովի աշխատանքներին: Բուժզննման արդյունքներով զինակոչիկների շրջանում առողջական լուրջ գանգատներ և խնդիրներ չէին հայտնաբերվել: Բուժհանձնաժողովի մասնագետները ամենայն լրջությամբ և մանրազննին ստուգում են բանակ մեկնող յուրաքանչյուր երիտասարդի, անում են բոլոր անհրաժեշտ պատվաստումները՝ բացառելու համար վատառողջ զինվորի մուտքը զինված ուժեր:
Լրագրողների հետ կայացած զրույցի ժամանակ Սեյրան Օհանյանը նշեց, որ համապատասխան ծառայություններն ամեն ինչ անում են զորակոչի աշխատանքները որակապես բարելավելու համար: Այս ուղղությամբ պատասխանատու բոլոր գերատեսչությունների ու զորակոչին օժանդակող կառույցների մասնակցությամբ անց են կացվել բազմաթիվ խորհրդակցություններ, քննարկվել են կցագրման, հաշվառման, բուժզննման հետ կապված խնդիրները և դրանց արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ստեղծվել են աշխատանքային խմբեր:
Պաշտպանական բարեփոխումների շրջանակում ազգային բանակը համալրվում է նաև պայմանագրային զինծառայողներով: Այս առումով կարևոր է պրոֆեսիոնալ սերժանտների համակարգի ներդրումը, որոնք, անցնելով որոշակի պատրաստություն, համալրում են բանակի շարքերը: Լրագրողները նախարարին ուղղեցին նաև զինվորների կրթական մակարդակին, բանակի անհրաժեշտ թվաքանակի ապահովման վերաբերյալ հարցեր, որոնց Սեյրան Օհանյանը տվեց սպառիչ պարզաբանումներ: