Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը սփյուռքահայ երիտասարդների հետ
10 July, 2009 00:00Ս.թ. հուլիսի 10-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ նախարարի հանդիպումը «Դեպի Հայք» հիմնադրամի անդամների հետ: Ողջունելով աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդներին՝ Սեյրան Օհանյանը հակիրճ անդրադարձավ ՀՀ զինված ուժերի ստեղծման պատմությանը և կայացման փուլերին՝ առանձնացնելով այն իրողությունը, որ մեր բանակը կազմավորվել է պատերազմական ժամանակաշրջանում՝ Հայաստանի անկախության հռչակումից հետո: Անկախություն, որը ձեռք է բերվել հայ ժողովրդի միահամուռ կամքի և վճռականության շնորհիվ:
1994թ. մայիսյան զինադադարի հաստատումից հետո սկսվեց բանակաշինության որակապես նոր գործընթաց և տարիների ընթացքում կատարելագործվեց թե զորքերի կառավարումը, թե սպառազինությունը և թե անձնակազմի պատրաստվածությունը: Այս ամենի արդյունքում այսօր մենք ունենք մարտունակ և կանոնավոր բանակ, որը հանդիսանում է հայ ժողովրդի անվտանգության երաշխավորը:
Խոսելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի մարտունակության մասին՝ Սեյրան Օհանյանը փաստեց, որ պաշտպանության հուսալիությունը և ժամանակակից ինժեներական կառույցների առկայությունը հնարավորություն են տալիս Ադրբեջանի հետ պահպանել ուժային հավասարակշռությունը՝ առանց երկրորդ ուժի աջակցության:
Պաշտպանության նախարարն անդրադարձավ նաև երիտասարդության հայրենասիրական դաստիարակությանը՝ նշելով, որ այն արժեքները, որոնք ձեռք են բերվել տարիների ընթացքում, հարկ է պատշաճ կերպով փոխանցել գալիք սերունդներին: Կարևորելով սփյուռքահայության դերը երկրի առջև ծառացած խնդիրների լուծման գործում՝ Ս. Օհանյանն ընդգծեց, որ արցախյան պատերազմի տարիներին սփյուռքի բազմաթիվ երիտասարդներ կանգնեցին հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Եվ այսօր, խաղաղ պայմաններում, ուրախալի է սփյուռքահայ երիտասարդների մշտական այցելությունները մայր հայրենիք: Այնուհետև պաշտպանության նախարարը պատասխանեց երիտասարդներին հուզող հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին հայ-թուրքական հարաբերություններին, տարածաշրջանային անվտանգությանը և ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին: Հնչեցված բոլոր հարցերին տրվեցին սպառիչ և բովանդակալից պատասխաններ:
Հանդիպման ավարտին «Դեպի Հայք» հիմնադրամի անդամները շնորհակալություն հայտնեցին պաշտանության նախարարին ջերմ ընդունելության համար՝ միաժամանակ հույս հայտնելով, որ այսպիսի հանդիպումները հաճախակի կլինեն:
Հարկ է նշել, որ «Դեպի Հայք» հիմնադրամը գործում է 2004թ.-ից, ներկայումս գրանցված են 52 անդամներ: Հայաստանում նրանք կամավոր հիմունքներով առաքելություններ են իրականացնում տարբեր ոլորտներում: