ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ողջույնի խոսքը ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հիմնադրման 15-րդ տարեդարձի և ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների հերթական հ
30 July, 2009 00:00Հայաստանի Հանրապետության մեծարգո Նախագահ, Վեհափառ Տեր, պարոնայք գեներալներ, սպաներ և կուրսանտներ, հարգելի հյուրեր:
Սրտանց ողջունում եմ բոլորիդ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության սպայական խոշորագույն կրթօջախի` Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կազմավորման 15-րդ տարեդարձի և բարձրագույն ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների հերթական հոսքի կապակցությամբ: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը ստեղծվեց 1994 թվականին` պատերազմի և զինադադարի սահմանագծին, երբ կամավորական ջոկատների հիմքի վրա ձևավորված հայկական բանակն արդեն մարտական գործողությունների հսկայական փորձ էր ձեռք բերել: Դա մեր պատմության և զինված ուժերի աստեղային այն պահերից էր, երբ կադրային զինվորականության փորձը եկավ միաձուլվելու կամավորականների անօրինակ նվիրումին, որը մարտից մարտը և յուրաքանչյուր նոր զինատեսակի կիրառմամբ վերածվելու էր նաև ռազմական փորձի և գործնական գիտելիքների:
Սրտանց ողջունում եմ բոլորիդ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության սպայական խոշորագույն կրթօջախի` Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կազմավորման 15-րդ տարեդարձի և բարձրագույն ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների հերթական հոսքի կապակցությամբ: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը ստեղծվեց 1994 թվականին` պատերազմի և զինադադարի սահմանագծին, երբ կամավորական ջոկատների հիմքի վրա ձևավորված հայկական բանակն արդեն մարտական գործողությունների հսկայական փորձ էր ձեռք բերել: Դա մեր պատմության և զինված ուժերի աստեղային այն պահերից էր, երբ կադրային զինվորականության փորձը եկավ միաձուլվելու կամավորականների անօրինակ նվիրումին, որը մարտից մարտը և յուրաքանչյուր նոր զինատեսակի կիրառմամբ վերածվելու էր նաև ռազմական փորձի և գործնական գիտելիքների:
Սակայն ինչպես յուրաքանչյուր բնագավառ և անգամ ավելի, քան մյուս բնագավառները, զինված ուժերը կարիք ունի պարբերական համալրման և նորացման: Ահա այս պատճառով հրամայական անհրաժեշտություն էր սպայական նոր սերնդի ձևավորումը, որպեսզի ռազմաճակատում հաղթանակը կռած իրենց զինակից ավագ ընկերների կողքին նրանք շարունակեին իրականացնել մեր հայրենիքի պաշտպանության և Զինված ուժերի մարտունակության շարունակական բարձրացման դժվարին ու պատասխանատու գործը: Այսօր ուրախալի իրողություն է, որ հրամանատարական տարբեր օղակներում զինված ուժերի ղեկավարման պատասխանատվությունը հավասարապես կիսում են արդեն մեր` Հայաստանի Հանրապետության բարձրագույն ռազմաուսումանական հաստատություններն ավարտած ավելի քան չորս հազար սպաներ` մոտոհրաձիգներ, հրետանավորներ, տանկիստներ, հետախույզներ, զինվորական բժիշկներ ու օդաչուներ, հակաօդային պաշտպանության ու ավիացիոն մասնագիտությունների սպաներ, և նրանք բանակում զբաղեցնում են հրամանատարական գրեթե բոլոր պաշտոնները` դասակի հրամանատարից մինչև գնդի հրամանատար:
Այսինքն` մեր ռազմաուսումնական հաստատությունները, արդեն միանշանակ կարելի է փաստել, որ կայացել են ու ծառայում են իրենց նպատակին, ինչը բոլորիս մեծ երազանքի մարմնավորումն է ու խորհրդանշում է դրա իրականացումն այսօր: Անցնող տարիները վկայեցին, որ Հայաստանի բարձրագույն ռազմաուսումնական հաստատությունները պատրաստեցին արժանի հերթափոխ, հրամանատարական կազմ, որը շարունակում է թե հայկական բանակի հերոսական ավանդները և թե լավագույնս է տիրապետում այսօրվա զինվորական գործին: Իսկ վերջինս ունի մի պարզ բանաձև` ՙՈւժի ուղղորդումը ժամանակի և տարածության մեջ՚: Գիտության զարգացման արդյունքում այսօր մարտական գործողություններում էապես կրճատվել են տարածությունն ու ժամանակը: Բայց նույնքան աճել է մարդու դերը` կրթություն ստացած, ժամանակի բարդագույն տեխնոլոգիաներին տիրապետող, գրագետ ու իր հայրենիքին նվիրված սպայի դերը: Այս տեսկետից ուզում եմ նշել, որ մենք հենց նման ակնկալիքներ ունենք` որ դուք, համալրելով զինված ուժերի սպաների շարքերը, նոր ու թարմ գաղափարներով զարկ կտաք բանակաշինության առաջընթացին, և անկեղծորեն սիրելով հայրենիքը` կնպաստեք նրա սահմանների անառիկությանն ու պաշտպանունակության ամրապնդմանը: Մեր բանակը եղել է և կլինի համընդհանուր հոգածության առարկա: Բանակի խնդիրները` զինվորականների սոցիալական վիճակից և բնակարանաշինությունից մինչև ռազմավարական խնդիրներ, միշտ եղել են պետության ուշադրության կենտրոնում, և այն, որ մեր բանակն այսօր պատվով պաշտպանում է հայրենիքի սահմանները և պատրաստ է դիմագրավելու ցանկացած մարտահրավերի, արդյունք է հանրապետության նախագահի, մեր պետության ղեկավարության ու հայ ժողովրդի ուշադրության դեպի զինված ուժերը: Այդ ուշադրությունը նաև պարտավորեցնում է շարունակել ամենօրյա ուսուցմամբ կատարելագործվել, հզորանալ, մեծացնել մարտունակությունը ու համաքայլ ընթանալ 21-րդ դարի բանակներին ներկայացվող բավական խիստ պահանջներին: Իրականացվող պաշտպանական բարեփոխումներին զուգընթաց` անչափ կարևոր է նաև տարվող կադրային քաղաքականությունը, և մեր խնդիրներից մեկն այսօր այն է, որ զինված ուժերը համալրենք ժամանակակից գիտելիքներով օժտված արհեստավարժ կադրերով: Այս կենսական խնդրի լուծմանն իրենց նպաստն են բերում ոչ միայն Հայաստանի պաշտպանության նախարարության և արտասահմանյան ռազմական բուհերը, այլ նաև հանրապետության ուսումնական հաստատությունները: Կուզեի ողջունել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, Խաչատուր Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Գյումրիի Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի կողմից ռազմական բժիշկների, զինվորական դիրիժորների, բժիշկ հոգեբանների, զինղեկների պատրաստումը: Սրտանց շնորհավորելով մեր բոլոր նորընծա սպաներին` մաղթում եմ քաջառողջություն, խաղաղ ծառայություն, զինվորականի դժվարին ուղով անսայթաք քայլելու և բարձունքներ նվաճելու կամք ու վճռականություն: Գիտակցեք, որ սպայի մասնագիտությունը հերոսական է, հպարտացեք դրանով և եղեք ուժեղ ու հաջողակ բոլոր ձեռնարկերում: Ցանկանում եմ, որ դուք և սպայական ողջ անձնակազմը ունենաք ձեր ավագ եղբայրների նվիրումը և հրամանատարական անհրաժեշտ գիտելիքները, որպեսզի հայրենիքի պաշտպանության նվիրական գաղափարը ու այն իրականացնելու հստակ խնդիրները ձեր ծառայության մեջ հանդես գան միահյուսված: Դժվարին ճակատագիր ունեցած հայ սպաների նախորդ սերունդը ձեզ հարուստ ավանդույթներ ժառանգեց, և լիահույս եմ, որ դրանք հարստացրած կփոխանցեք մեր զինվորական կրթօջախների շրջանավարտերի հաջորդ սերունդներին:
Ավարտելով խոսքս` ցանկանում եմ այս հանդիսավոր պայմաններում գերագույն գլխավոր հրամանատարին հավաստել, որ զինված ուժերն այսուհետ ևս գործելու է ժամանակի առաջադրած պահանջներին համահունչ և շարունակելու է պատվով կատարել իր առաքելությունը` հանուն մեր ժողովրդի խաղաղ ու ստեղծարար գոյակցության: