Պարզաբանում
31 July, 2009 00:00Ս.թ. հուլիսի 20-ին hetq.am կայքէջում տեղադրված «Նարեկն ընդունվել է Սթենֆորդի համալսարան. գրավի պատճառով նրա ուսումը վտանգված է» հրապարակման առնչությամբ (հեղինակ` Արման Ղարիբյան), ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում է.
«Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածը սահմանում է քաղաքացիներին ուսումը շարունակելու կապակցությամբ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու հիմքերը: Համաձայն նշված հոդվածի, օտարերկրյա պետություններում ուսման կապակցությամբ օրենքով սահմանված տարկետման իրավունքից օգտվում են պետական պատվերով, միջպետական և միջգերատեսչական պայմանագրերի հիման վրա սովորող ՀՀ քաղաքացիները:

Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ՀՀ կառավարությունն առանձին դեպքերում որոշում է քաղաքացիների կատեգորիաները և առանձին քաղաքացիներին, որոնց կարող է տրամադրվել տարկետում: Այս դրույթի հիման վրա` ՀՀ կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմամբ կանոնակարգվել է իրենց նախաձեռնությամբ օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական կամ գիտակրթական հաստատություններ ընդունված ՀՀ քաղաքացիներին ուսումը շարունակելու համար զորակոչից տարկետում տալու կարգը, որի համաձայն նման քաղաքացիներին տարկետում տրվում է ՀՀ կառավարության որոշմամբ` ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ 8,5 մլն դրամի չափով գրավի պայմանագիր կնքելու դեպքում: Գրավ կարող է դրվել գումարի տեսքով, ինչպես նաև քաղաքացիններին սեփականության իրավունքով պատկանող ցանկացած համարժեք չափով անշարժ ու շարժական գույք: Այս պայմանը նպատակ ունի ապահովել նման ընթացակարգով տարկետում ստացած քաղաքացիների վերադարձը Հայաստանի Հանրապետություն և մասնակցությունը պարտադիր զինվորական ծառայության զորակոչին:
Վերը նշված գործընթացն իրականացվում է քաղաքացու դիմումի հիման վրա և Ն. Թովմասյանը սահմանված կարգով դիմել է ՀՀ կրթության և գիտության նախարարություն, որի արդյունքում Ն. Թովմասյանին ԱՄՆ-ում ուսումնառությունը շարունակելու համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ պաշտպանության և ՀՀ արդարադատության նախարարությունների համաձայնությամբ ներկայացվել է ՀՀ կառավարություն, քննարկվել և հավանության է արժանացել ՀՀ կառավարության 23.07.2009թ. կայացած նիստում ու ներկայացվել է ՀՀ վարչապետի հաստատմանը: