Համատեղ զորավարժություն
13 August, 2009 00:00Օգոստոսի 9-12-ը մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում ընթանում էր խաղաղապահ և հատուկ նշանակության ուժերի համատեղ զորավարժությունը, որի ընթացքում իրագործվեց երկու առանձին ստորաբաժանումների փոխգործակցության ներդաշնակումը:
Իր բնույթով առաջին անգամ, խաղաղապահ և հատուկ նշանակության ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացված զորավարժության նպատակն էր, ստուգել այդ ստորաբաժանումների մարտական պատրաստականության բարձր աստիճանների բերման ու դրա ընթացքում զորքերի կառավարման գործնական ունակությունները, մարտական գործողությունների վարման ժամանակ փոխգործակցության ներդաշնակումը, ինչպես նաև կատարելագործել նպատակային որոծումների կայացման և խնդիրների առաջադրման հմտությունները:
Զորավարժությունն ընթացավ մի քանի փուլերով: Խաղաղապահ և հատուկ նշանակության զորամասերի անձնակազմներն իրենց գործնական կարողությունները ցուցադրեցին թե առանձին-առանձին, թե համատեղ: Բազմաթիվ հանձնարարականներով ու բաղադրիչներով հագեցված սցենարն էլ մասնակիցներին մասնագիտական ունակությունները լիովին դրսևորելու հնարավորություն էր ընձեռում:
Զորավարժության ընթացքին հետևելու և հերթական փուլի գործողությունները դիտարկելու նպատակով օգոստոսի 12-ին մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարան էին այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, բարձրաստիճան զինվորականներ, ԱՄՆ և Հունաստանի ԶՈՒ դիտորդ-ներկայացուցիչներ, լրագրողներ: Իրական պայմաններին մոտեցված զորավարժության ընթացքում խաղաղապահներն ու հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողները կատարում են առաջադրանքը: Միանշանակ կարելի է փաստել, որ այսպիսի զորախաղերը նպաստում են ՀՀ ԶՈՒ մարտունակության բարձրացմանը և անձնակազմի հմտությունների կատարելագործմանը: