Հայ ասպետները պաշտպանության նախարարությունում
25 August, 2009 00:00Օգոստոսի 25-ին պաշտպանության նախարարության վարչական համալիր էին այցելել «Հայ ասպետ» հեռուստախաղում հաղթած դպրոցականները: Այցը կրում էր ճանաչողական բնույթ: Դպրոցականները և նախագծի անդամները շրջեցին վարչական համալիրի տարածքում, ծանոթացան զինծառայողների աշխատանքային պայմաններին: Երեխաներն առավել տպավորված էին զինծառայողների ֆիզիկական կարողությունների զարգացման համար ստեղծված պայմաններից: Եվ իրենք էլ մեծ ոգևորությամբ ու եռանդով օգտվեցին մարզասրահի վարժասարքերից: Վարչական համալիրի տարածքում հայ ասպետները հանդիպեցին նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:
Ընձեռված հնարավորության և «Հայ ասպետ» նախագծին մշտապես աջակցելու համար շնորհակալություն հայտնելով պաշտպանության նախարարին, երեխաները պատմեցին Արցախ և Արևմտյան Հայաստան կատարած այցի մասին, ներկայացրին իրենց տպավորությունները: Նրանք Սեյրան Օհանյանին նաև խորհրդանշական փոքրիկ նվեր հանձնեցին, որը բերել էին պատմական Հայաստանից:
Նախարարն էլ իր հերթին հետաքրքրվեց «Հայ ասպետ» նախագծի խնդիրներով և ռազմահայրենասիրական դաստիարակությանն ուղղված միջոցառումներին այսուհետ ևս աջակցելու պատրաստակամություն հայտնեց: