Անձնազոհ արարք
17 September, 2009 00:00Յուրաքանչյուր զինվորականի պարտականությունն է պաշտպանել, իսկ անհրաժեշտության դեպքում նաև օգնության ձեռք մեկնել հայրենակիցներին, օրինակ ծառայել իր անբասիր վարքով, իրեն դրսևորել որպես իսկական քաղաքացի: ՀՀ զինված ուժերի սպա, կապիտան Տիգրան Ավետիսյանը` որպես մարտկոցի հրամանատար, ծառայում է Սյունիքի մարզում տեղակայված հրետանային դիվիզիոններից մեկում:
Ծառայողական օրվա ավարտից հետո Տիգրանն իրենց տան հարակից տարածքում աղմուկ-աղաղակ է լսում: Պարզվում է, որ հրդեհ է. այրվում էր Գորիսի բնակիչ Վահրամ Գրիգորյանի տնակը, որում մնացել էին անչափահաս երեք երեխաներ: Կապիտան Տիգրան Ավետիսյանը շտապում է դեպքի վայր և տեսնելով, որ դռնից ներս մտնելն անհնար է, առանց հապաղելու կոտրում է տնակի հետևի պատուհանը, ներս մտնում և ծխի մեջ երեխաների ձայներով առաջնորդվելով` դուրս բերում նրանցից, ցավոք, միայն երկուսին` Մարիամին և Դիանային: Ի ծնե հաշմանդամ` խուլ ու համր երեխային Տիգրանը խիտ ծխի մեջ չի կարողանում գտնել: Քիչ անց տնակը մոխրի է վերածվում. մնում է միայն մետաղյա կմախքը:
Կապիտան Տիգրան Ավետիսյանի հերոսական արարքը երբեք չի մոռանա այս դժբախտ ընտանիքը: Իսկ Տիգրանի օրինակով պետք է առաջնորդվի հայոց բանակի յուրաքանչյուր սպա: Կատարած անձնազոհ արարքի համար Տիգրան Ավետիսյանը պաշտպանության նախարարի կողմից ներկայացվել է «Արիության համար» մեդալի: