Արարողություններ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 18-րդ տարեդարձի առթիվ

21 September, 2009 00:00
ՀՀ անկախության օրվա կապակցությամբ ս.թ. սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» պանթեոն են այցելել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպայակազմը, պաշտոնատար այլ անձինք: Նրանք ծաղիկներ և ծաղկեպսակներ են դրել արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Զորավար Անդրանիկի շիրիմներին: «Անկախության օրվա առթիվ նախ պետք է շնորհավորենք այն մարդկանց, ովքեր կանգնած են եղել ամենաթանկ արժեքի` անկախության ձեռքբերման ակունքներում, և բոլոր նրանց, ում կյանքի շնորհիվ այսօր մեր ժողովուրդն ապրում և արարում է խաղաղ պայմաններում: Մենք պետք է նաև պարտավորվենք, որ յուրաքանչյուրս իր հնարավորությունների, ուժերի ներածի չափով օժանդակի այս ամենը պահպանելուն»,- նշել է պաշտպանության նախարար Ս. Օհանյանը:

ՀՀ անկախության օրվա առթիվ ս.թ. սեպտեմբերի 21-ին պարգևների հանձնման հանդիսավոր արարողություն տեղի ունեցավ ՀՀ ՊՆ վարչական համալիրում: Արարողությանը ներկա էին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովը, ԶՈւ բարձրաստիճան սպայակազմը: Պետական ու գերատեսչական մեդալներով և պատվոգրերով պարգևատրվեցին Ազգային բանակի մի շարք զինծառայողներ: Սեպտեմբերի 21-ին պարգևների հանձնման հանդիսավոր արարողություն տեղի ունեցավ նաև ՀՀ նախագահի նստավայրում: Նախագահ Ս. Սարգսյանի հրամանագրերով Հայաստանի և Սփյուռքի կրթության, մշակույթի, գիտության, լրագրության, ավիացիայի, սպորտի բնագավառների մի խումբ ներկայացուցիչներ, ուժային կառույցների զինծառայողներ պարգևատրվեցին ՀՀ շքանշաններով և մեդալներով, շնորհվեցին բարձրաստիճան զինվորական կոչումներ: Այդ առթիվ ՀՀ նախագահի շնորհավորական խոսքում ասված է. «Առանց չափազանցության կարելի է ասել, որ դուք և ձեր նման մարդիկ են ցանկացած երկրի հզորությունը, վերելքի գրավականն ու հենարանը: Մեր ձգտումն ու նպատակն է, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի իր տեղում, իր գործի մեջ դրսևորի նույն որակներն ու նվիրումը, ինչ դուք` ձեր ոլորտներում: Համոզված եմ, որ այդ պարագայում մեր երկիրն առաջ կշարժվի շատ մեծ քայլերով»: Հանդիսության ավարտին ՀՀ նախագահը ևս մեկ անգամ շնորհավորեց ներկաներին բարձրաստիճան կոչումներ և պարգևներ ստանալու կապակցությամբ, մաղթեց երջանկություն, հաջողություն և նոր բարձունքների գրավում: