Շտաբի վարչական մասնաշենքի բացում

22 September, 2009 00:00
ՀՀ զինված ուժերի երրորդ բանակային կորպուսի շտաբի վարչական մասնաշենքի բացման կապակցությամբ սեպտեմբերի 22-ին Վանաձոր մեկնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նրան ուղեկցում էին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, գլխավոր շտաբի պետի տեղակալ,գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանը, երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Լեւոն Երանոսյանը, Լոռու և Տավուշի մարզպետները, Վանաձորի քաղաքապետը, բարձրաստիճան զինվորականներ:
Բացման հանդիսավոր արարողությունից հետո սպայական կազմին և վարչական աշխատակիցներին պաշտպանության նախարարը շնորհավորեց Անկախության տոնի և նորամուտի կապակցությամբ, բոլորին մաղթեց անձնական երջանկություն և հաջողություններ` նշելով, որ նոր շենքը, վարչակազմի համար ստեղծված հարմարավետ աշխատանքային պայմանները կօգնեն ամենակարևոր գործառույթներն ու առաջադրանքներն ավելի բարձր մակարդակով կատարելուն:

«Կասկած չկա, որ անկախությունը մեր ամենամեծ ձեռքբերումն է, որին մասնակից են եղել նաև այժմ զինված ուժերում ծառայողները: Սակայն այդ ձեռքբերումը նաև պահել է պետք, մանավանդ, որ այժմ պատերազմ չկա, թշնամու անմիջական ազդեցությունը չկա: Ուրեմն, լիարժեք օգտագործենք հնարավորությունները` աշխատելով և աշխատանքը գնահատելով: Քնած չէ թշնամին, կատարելագործվում է: Այդ պատճառով մենք էլ պետք է անընդհատ կատարելագործվենք` ագրեսիայի դեպքում արժանի հակահարված տալու համար: Թող ոչ ոքի չանհանգստացնեն Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները, բյուջետային և քանակական հիստերիան և այլն. հարկ եղած դեպքում մեր բանակն ընդունակ է սրընթաց գրոհով, մարտական բուռն գործողություններով վերջ դնելու պատերազմի մասին երազանքներին»,- ասաց Սեյրան Օհանյանը: Նախարարն ավելացրեց նաև, որ հրամանատարական կազմն իր անձնական օրինակով, աշխատանքով, ինչպես նաև լավ գործին համապատասխան գնահատական տալով միայն կարող է վերացնել որոշ սպաների, զինծառայողների մոտ նկատվող անտարբերությունը, բացթողումները: Հանդիսավոր արարողության ավարտին պաշտպանության նախարար Ս. Օհանյանը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՊՆ և ԳՇ վարչությունների պետերը և բարձրաստիճան հյուրերը շրջեցին նորակառույց շտաբում, եղան աշխատասենյակներում, նիստերի դահլիճում: