ՀՀ պաշտպանության նախարարն ընդունեց ԵԱՀԿ ՄԽ նորանշանակ համանախագահին
1 October, 2009 00:00Ս.թ. հոկտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ԵԱՀԿ ՄԽ նորանշանակ ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԼՂ հակամարտությանն առնչվող և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Սեյրան Օհանյանը շնորհավորեց Ռոբերտ Բրադկեին ՄԽ համանախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ իր ռուս և ֆրանսիացի գործընկերների հետ նա կշարունակի ներդրում ունենալ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում:
Զրույցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ողջունեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այն հայտարարությունը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն ինքնուրույն գործընթաց է և շաղկապված ու պայմանավորված չէ որևէ այլ գործընթացով: Սեյրան Օհանյանը գոհունակություն հայտնեց նաև ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ԱՄՆ կառավարության հաստատակամության առումով:
ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն