Առանձնատներ զոհված և հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքներին
6 October, 2009 00:00Հոկտեմբերի 6-ին Վայոց ձորի մարզի Խաչիկ և Եղեգիս գյուղերում տեղի է ունեցել Պաշտպանության նախարարության և Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի նախաձեռնությամբ զոհված և հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքների համար կառուցված առանձնատների բացման արարողությունը:
Խաչիկ գյուղում կառուցված առանձնատունը նախատեսված էր սոցիալապես անապահով ազատամարտիկ Ռազմիկ Օհանյանի ընտանիքի համար: Օհանյանների ընտանիքին շնորհավորելու և բնակարանամուտի արարողությանը մասնակցելու նպատակով գյուղ էին ժամանել պաշտպանության նախարար Ս. Օհանյանը, Վայոց ձորի մարզպետ Վարդգես Մաթևոսյանը, Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի ներկայացուցիչները, բարձրաստիճան զինվորականներ և այլոք:
Խաչիկ գյուղում կառուցված առանձնատունը նախատեսված էր սոցիալապես անապահով ազատամարտիկ Ռազմիկ Օհանյանի ընտանիքի համար: Օհանյանների ընտանիքին շնորհավորելու և բնակարանամուտի արարողությանը մասնակցելու նպատակով գյուղ էին ժամանել պաշտպանության նախարար Ս. Օհանյանը, Վայոց ձորի մարզպետ Վարդգես Մաթևոսյանը, Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի ներկայացուցիչները, բարձրաստիճան զինվորականներ և այլոք:
Բնակարանամուտի արարողությունը մեկնարկել է ՀՀ զինված ուժերի հոգևոր առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի աղոթքով և տնօրհնեքով: Բնակարանամուտի առթիվ շնորհավորելով ազատամարտիկի ընտանիքի անդամներին՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նրանց է հանձնել առանձնատան վկայագիրը և նշել, որ սահմանամերձ գյուղերի ինչպես ամուր ու հուսալի պաշտպանության, այնպես էլ բնակիչների համար բարեկեցիկ կյանքի ապահովման խնդիրները գտնվում է թե կառավարության, թե Պաշտպանության նախարարության ուշադրության կենտրոնում: Սեյրան Օհանյանը զրուցել է գյուղացիների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին` վստահեցնելով, որ սահմանապահ զինվորները պատրաստ են կատարելու իրենց առջև դրված խնդիրները:
Վայոց ձորի մարզպետ Վարդգես Մաթևոսյանի և ՀՄԵ կենտրոնի ղեկավար Անդրանիկ Նիկողոսյանի ուղեկցությամբ պաշտպանության նախարարն այնուհետև այցելել է Եղեգիս գյուղ: Այստեղ ևս պատրաստ էր մեկ առանձնատուն` նախատեսված 1992 թ-ին Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի պաշտպանական մարտերի ժամանակ զոհված ազատամարտիկ Սամվել Գևորգյանի բազմանդամ ընտանիքի համար: Շնորհակալություն հայտնելով հոգատար վերաբերմունքի համար՝ Գևորգյանի այրին` Լենա Գևորգյանը, ընդգծել է, որ չնայած անդառնալի կորստին` ինքը հպարտ է, քանի որ ամուսինը զոհվել է հայրենիքի հանդեպ պարտքը կատարելիս:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այնուհետև այցելել է մարզի Շատին գյուղ, որտեղ կառուցվում են ևս երկու առանձնատներ: Նախարարը տեղում ծանոթացել է կատարված շինարարական աշխատանքներին, Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի ներկայացուցիչների հետ քննարկել և ճշգրտել է աշխատանքների կատարման ժամանակացույցը և ժամկետները: