Մեկշաբաթյա պարապմունքներ պաշտպանության նախարարությունում
10 October, 2009 00:00Հոկտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում մեկնարկեցին հանրապետության գերատեսչությունների, մարզպետարանների պաշտոնատար աձանց հետ անցակացվող մեկշաբաթյա պարապմունքներ: Պարապմունքների անցկացման հիմնական նպատակը զորահավաքային նախապատրաստության հարցերում համապատասխան գերատեսչությունների պաշտոնատար անձանց տեսական և գործնական գիտելիքների, ունակությունների կատարելագործումը և բարձրացումն է:
Պարապմունքների մասնակիցներին ողջունեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Իր ելույթում, ընդգծելով, որ գերատեսչությունների պաշտոնատար անձանց մասնակցությամբ նման միջոցառում հանրապետությունում անցկացվում է առաջին անգամ, Սեյրան Օհանյանը նշեց, որ զորահավաքային նախապատրաստության և անցկացման խնդիրն ընդհանուր է, պարապմունքները նպատակ ունեն կատարելագործել պաշտոնատար անձանց տեսական գիտելիքները, հնարավորություն կտան փորձի փոխանակման միջոցով վերհանել կարևորագույնը:
«Պետության զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի հիմունքները» թեմայով դասախոսության ընթացքում պաշտպանության նախարարը մանրամասն ներկայացրեց տարածքային պաշտպանության հիմունքները, զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի սահմանման հիմնական հասկացությունները, զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի սկզբունքները, խնդիրները և միջոցառումները, կանգ առավ ներկա փուլում զորահավաքի նախապատրաստության վրա ազդող գործոնների և պայմանների վրա:
ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն