ՀԱՅ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԸ ԽԱՂԱՐԱՐԱՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԵՆ ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ

9 January, 2010 00:00
Հայ խաղաղապահները միջազգային ասպարեզում խաղարարար առաքելություններ իրականացնելիս մշտապես աչքի են ընկել բարձր պատրաստվածությամբ, պատասխանատվությամբ և մարդասիրական հատկանիշներով: Այս մասին ևս մեկ անգամ նշվել է հունվարի 9-ին տեղի ունեցած հայ խաղաղապահների Աֆղանստան ճանապարհման հանդիսավոր արարողության ժամանակ:

Ողջունելով հայ խաղաղապահներին` ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը մասնավորապես ասել է. «Հարգելի խաղաղապահներ, Հավաստիացնում եմ, որ կատարելով ձեր առաքելությունն Աֆղանստանում, թեկուզև փոքր ներդրում ունենալով միջազգային անվտանգության ապահովման գործում, դուք անգնահատելի ծառայություն եք մատուցում ձեր Հայրենիքին և միջազգային հանրությանը: Վստահ եղեք, որ պաշտպանության նախարարության ղեկավարությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում ձեր ծառայությունը, և ձեր կատարած աշխատանքը պակաս կարևոր չի գնահատում, քան հայրենի սահմանների պաշտպանությունը: Եվ եթե ձեր ընկերները գիշեր ու զօր անառիկ են պահում դիրքերը Հայրենիքի սահմաններում, ապա դուք ամրապնդում եք այդ դիրքերը միջազգային ասպարեզում: Չէ՞ որ միջազգային ստորաբաժանումներում դուք մարմնավորում եք հայ զինվորականի կերպարը: Ուստի դուք մեծ պատասխանատվությամբ պետք է կատարեք ձեր առաքելությունը և բարձր պահեք հայ զինվորականի փառքն ու պատիվը, հաղթանակած ոգին: Հիշեք, որ ձեր յուրաքանչյուր քայլն ու գործողությունը պետք է բխի մարտական ոգու, ազնվության, խիզախության և մարդասիրության մղումից: Առաքելությունն իրականացնելիս հիշեք, որ դուք աֆղան ժողովրդի հյուրն եք և ձեր առաքելությունը նրանց պաշտպանելն է, եղեք աչալուրջ և միշտ կշռադատեք ձեր քայլերը` մեքենա վարելիս, մարդկանց հետ շփվելիս, օգնություն տրամադրելիս և ընդհանրապես ծառայություն իրականացնելիս: Ձեր գործողությունները փորձեք գնահատել աֆղան ժողովրդի աչքերով, որպեսզի բարձր պահեք հայ զինվորականի վարկն ու պատիվը: Համոզված եմ, որ դուք պատվով կկատարեք ձեր առջև դրված խնդիրները և ամիսներ անց հպարտությամբ կվերադառնաք Հայրենիք: Օգտվելով առիթից, իմ շնորհակալությունը պետք է հայտնեմ նաև Գերմանիայի մեր գործընկերներին` համակողմանի նյութական և բարոյական աջակցության համար, ինչի շնորհիվ մեր անձնակազմի համար Աֆղանստանում ապահովվում է արդյունավետ և ապահով ծառայություն: Ձեզ անփորձանք ծառայություն և բարի վերադարձ»: 40 զինծառայողներից բաղկացած հայկական ստորաբաժանումը ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող Միջազգային անվտանգության աջակցության ուժերի «Հյուսիս» տարածաշրջանային հրամանատարության ներքո գերմանական զորախմբի կազմում տեղակայվելու է Աֆղանստանի Կունդուզ շրջանում: Հայկական զորախմբի հիմնական առաքելությունը լինելու է գերմանական ուժերի հետ համատեղ Կունդուզի օդանավակայանի անվտանգության ապահովումը: Հայկական զորախումբը Գերմանիայում նախ կմասնակցի նախատեղակայման վարժանքի, որից հետո կմեկնի Աֆղանստանի Իսլամական Հանրապետություն: Վարորդների խումբն արդեն մեկնել է Գերմանիա, իսկ հիմնական անձնակազմի մեկնումը նախատեսված է հունվարի 17-ին: Ինչպես ճանապարհման արարողության ժամանակ նշեց ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Շմիդտը, գերմանական կողմն արդեն ստորագրել է բոլոր փաստաթղթերը, և արվել է հնարավորը հայ խաղաղապահների արդյունավետ և ապահով ծառայության համար: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն