Կոլեգիայի նիստ պաշտպանության նախարարությունում

23 Апреля, 2010 00:00
Ապրիլի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ կոլեգիայի նիստ, որի ընթացքում քննարկվեցին սպառազինությանը և ռազմական տեխնիկային առնչվող տարաբնույթ հարցեր: Բացելով նիստը՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տեղեկացրեց մասնակիցներին, որ օրակարգում ընդգրկված խնդիրները հույժ կարևոր են ազգային բանակի մարտունակության ապահովման համար:
Զեկույցով հանդես եկավ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանը՝ նշելով, որ հաշվետու ժամանակահատվածում զգալի աշխատանքներ են կատարվել սպառազինության և ռազմական տեխնիկայի հուսալի և անխափան գործարկումն ապահովելու ուղղությամբ: Համալրվել են ռազմատեխնիկական միջոցները, կատարելագործվել են շահագործող անձնակազմի մասնագիտական գիտելիքներն ու ունակությունները, զորամասերին հատկացվել են նոր սարքավորումներ, հրատարակվել են մեթոդական ձեռնարկներ և անհրաժեշտ տեխնիկական գրականություն:

Ամփոփելով նիստը՝ Սեյրան Օհանյանը հրամանատարական կազմին հանձնարարականներ տվեց զինված ուժերի տեխնիկական ապահովման համակարգի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: Պաշտպանության նախարարն անդրադարձավ նաև զինծառայողների բարոյահոգեբանական հատկանիշները և մարտական ոգին էլ ավելի բարձրացնելու համար ձեռնարկվող քայլերին: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
  • Поделиться