Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում

7 Мая, 2010 00:00
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 7-ին հանդիպել է ՀՀ վարչապետին առընթեր Ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի ներկայացուցիչների հետ: Իր խոսքում Ս. Օհանյանը շեշտել է, որ բանակ-հասարակություն կապը մշտապես պաշտպանական գերատեսչության ուշադրության կենտրոնում է, և այդ առումով մեծապես կարևորվում է նաև երիտասարդական կազմակերպությունների հետ համագործակցության ամրապնդումը: Նախարարը ավելացրել է, որ կատարվող աշխատանքների արդյունքում զգալիորեն մեծացել է շփման մակարդակը` հասարակության և բանակի միջև, ամրապնդվել է վստահությունը Զինված ուժերի նկատմամբ:

Հանդիպման ընթացքում խորհրդի ներկայացուցիչները պաշտպանության նախարարին են ներկայացրել երիտասարդություն-բանակ կապի ամրպանդման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ իրենց առաջարկություններն ու տեսակետները: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար, ՀՀ վարչապետին առընթեր ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի նախագահի տեղակալ Արսեն Քարամյանի խոսքով, երիտասարդական քաղաքականությունը և երիտասարդներին առնչվող հարցերը ներառում են լայն շրջանակ` կրթություն, մշակույթ, բանակ, սպորտ, առողջապահություն և այլն, իսկ այն հանգամանքը, որ խորհրդի առաջին հանդիպումը կազմակերպվել է պաշտպանության նախարարի հետ, միանշանակորեն շեշտադրում է խորհրդի անդամների կողմից ազգային բանակի ու ռազմահայրենասիրական դաստիարակության խնդիրների կարևորումը: Նրա հավաստմամբ, ներկայիս երիտասարդությունը պատրաստ է իր լուման ներդնելու երկրի մարտունակության ամրապնդման, ազգային անվտանգության խնդիրների լուծման գործընթացներում: ՀՀ պաշտպանության նախարարը պատրաստակամություն է հայտնել աջակից լինել խորհրդին` ծրագրված խնդիրների իրականացման, երիտասարդական քաղաքականության ամրապնդման համար: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասրակայնության հետ կապերի վարչություն
  • Поделиться