Չինական անկյան բացում ՀՀ ՊՆ-ում

26 Мая, 2010 00:00
Մայիսի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրի նիստերի դահլիճի նախասրահում տեղի ունեցավ Չինական անկյան բացման պաշտոնական արարողությունը, որին ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Թյան Չանչունը, Մշակույթի և գիտության չինական կենտրոնի հիմնադիրները, ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդներ, զինվորականներ, այլ հյուրեր:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր ողջույնի խոսքում ընդգծեց, որ հայ-չինական ավանդական բարեկամական հարաբերությունները բազմադարյա պատմություն ունեն և այժմ էլ շարունակվում են` ներառելով գրեթե բոլոր ոլորտները. քաղաքական, տնտեսական, ռազմական, կրթական, գիտական: Վերջին տարիներին էլ ավելի է խորացել համագործակցությունը ռազմական ոլորտում: Ուստի պատահական չէ, որ նախարարության գրադարանում բացվում է Չինական անկյուն, որի նպատակն է մեր զինվորականներին հնարավորություն ընձեռել ծանոթանալու այս հնագույն քաղաքակրթությանը:

ՉԺՀ դեսպան Թյան Չանչունն էլ նշեց, որ իր երկիրը կարևորում է Հայաստանի հետ համագործակցությունը և ցանկանում է ավելի զարգացնել ու ամրապնդել այն: Մշակույթի և գիտության չինական կենտրոնի տնօրեն Իզաբելլա Մուրադյանը ներկայացրեց հայ-չինական բազմադարյա կապերի պատմությունը, չինահայ համայնքի անվանի ներկայացուցիչներին: Այնուհետև չինական արվեստը ներկայացրեցին ԵՊՀ Մշակույթի կենտրոնի, «Վիկտորիա» պարային համույթի, Հայաստանի ուշուի ֆեդերացիայի անդամները, Պետական կոնսերվատորիայի ուսանողները: ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
  • Поделиться