Տեղի է ունեցել Մոնթե Մելքոնյանի անվան նոր կրթահամալիրի պաշտոնական բացման արարողությունը
21 Ноября, 2017 19:41Վարժարանի բացման արարողությունը նվիրվել է Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան հոբելյանին. նոյեմբերի 25-ին լրանում է նրա ծննդյան 60-րդ տարեդարձը:
Վարժարանի զինվորական գծով փոխտնօրենի զեկույցն ընդունելուց և միջոցառման կապակցությամբ ելույթները լսելուց հետո, Նախագահը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի, ԱԱԽ անդամների և հյուրերի հետ դիտել է կրթահամալիրի սաների հանդիսավոր քայլերթը: Վարժարանի տարածքում տեղի է ունեցել նաև Մոնթե Մելքոնյանի արձանի բացման արարողությունը: Բացման պատիվը տրվել է վարժարանի շրջանավարտ Վահագն Ասատրյանին և վարժարանի ներկայիս սան Դավիթ Անդրեասյանին:
Միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել վարժարանի 80 առաջին կուրսեցիների խոստման արարողությունը, որից հետո հատուկ նշանակության ջոկատի մարտիկների հետ միասին վարժարանի սաները ցուցադրել են «Ճանապարհ դեպի բարձունք» անվանած իրենց մարտական հնարքները:
Հանրապետության Նախագահը հյուրերի հետ միասին շրջայց է կատարել վարժարանում, ծանոթացել ուսումնառության և վարժարանի սաների կենցաղավարության համար ստեղծված պայմաններին, ինչպես նաև ներկա գտնվել վարժարանում Թումո-բանակ համագործակցությամբ ստեղծված Թումոյի լսարանի բացմանը:
Միջոցառումն ավարտվել է տոնական համերգով և հրավառությամբ:
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պաշտոնական բացման արարողության ժամանակ Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով: