Մամուլի հաղորդագրություն
29 Декабря, 2016 16:11Այսօր առավոտյան ձեռնարկած սադրանքից հետո ադրբեջանական կողմը, ժամեր շարունակ լռություն պահպանելուց հետո, հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որում, իրեն բնորոշ անհեթեթ ոճով փորձում է տեղի ունեցածի պատասխանատվությունը դնել հայկական կողմի վրա:
Եվս մեկ անգամ հայտարարում ենք, որ Հայաստանի Զինված ուժերի տրամադրության տակ առկա են անհերքելի ապացույցներ՝ ադրբեջանական կողմի նախահարձակ լինելու վերաբերյալ: ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարելէ, որ ադրբեջանական կողմը սադրանքի ընթացքում կորուստներ է տվել: ՀՀ զինծառայողները սպանվել են իրենց ծառայության վայրում: Այս ֆոնին զավեշտի են վերածվում պնդումները՝ հայկական կողմի հետախուզական խմբի գործողությունների և ադրբեջանական զինվորականի անհետ կորելու մասին:
ՀՀ պաշտպանության նախարարությունը վերահաստատում է իր դիրքորոշումը միջազգային հետաքննության մեխանիզմների ներդրման անհրաժեշտության վերաբերյալ՝ նման սադրանքները կանխելու և զինադադարի` միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների անշեղ կատարման վերահսկելիությունն ապահովելու նպատակով: