Մեկնարկել են Միջազգային բանակային խաղերը
30 Июля, 2016 17:52Հուլիսի 30-ին մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում մեկնարկել են «Միջազգային բանակային խաղեր-2016» միջոցառման շրջանակում անցկացվող մրցումները, որոնց մասնակցում են ՀՀ զինված ուժերի զինծառայողները:
«Բանակային միջազգային խաղեր 2016-ի» շրջանակներում անցկացվող «Տանկային բիաթլոն» մրցույթի առաջի փուլին՝ հուլիսի 30-ին կայացած «Անհատական մրցավազքին», Ռուսաստանի, Հնդկաստանի, Սերբիայի, Ղազախստանի, Մոնղոլիայի և Քուվեյթի զինված ուժերի տանկային անձնակազմերի հետ միասին մասնակցել է ՀՀ զինված ուժերի տանկային անձնակազմը: Տանկի հրամանատարն է ավագ լեյտենանտ Աշոտ Մալխասյանը, նշանառու-օպերատորը` կրտսեր սերժանտ Գագիկ Գրիգորյանը, մեխանիկ-վարորդը` շարքային Լևոն Խեչիկյանը:
Բարդ եղանակային պայմաններում անցկացված «Անհատական մրցավազքի» արդյունքների նախնական հաշվարկով ՀՀ զինված ուժերի տանկային անձնակազմը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը:
ՀՀ զինված ուժերի տանկային մյուս անձնակազմերը «Անհատական մրցավազքին» կմասնակցեն օգոստոսի 1-ին և 5-ին: