Հոկտեմբերի 19-ը Հրթիռահրետանային զորքերի օրն է
19 Октября, 2015 14:23ՀՀ զինված ուժերի կազմավորմանը զուգընթաց ձևավորվել են նաև հրթիռահրետանային ստորաբաժանումները, որոնք իրենց նշանակալից դերակատարությունն են ունեցել հայրենի սահմանների պաշտպանության և Արցախի անվտանգության ապահովման գործում: Գրեթե բոլոր մարտական գործողություններն ուղեկցվում էին հրթիռահրետանային սպառազինության մասնագիտացված կիրառմամբ, ինչը որոշիչ դեր խաղաց ռազմաճակատի տարբեր հատվածներում հակառակորդի նկատմամբ կրակային առավելություն ստեղծելու գործում:
ՀՀ Զինված ուժերի հրթիռային զորքերը և հրետանին հանդիսանում են հակառակորդի կրակային խոցման հիմնական միջոցը: Ներկայումս ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերը և հրետանին սպառազինված են մեծ հեռահարությամբ, գերճշգրիտ հրթիռային համալիրներով, համազարկային կրակի ռեակտիվ համալիրներով, հակատանկային կառավարվող հրթիռային համակարգերով, ինչը հնարավորություն է տալիս ճշգրիտ խոցելու հակառակորդի կարևորագույն օբյեկտները (նշանակետերը) պաշտպանության ամբողջ խորությամբ, բարձր արդյունավետությամբ խոցելու հակառակորդի ցանկացած զրահատեխնիկա պաշտպանության հեռավոր մատույցներում:
Մեծ ուշադրություն է դարձվում հրետանու կրակի սպասարկման նպատակով ռադիոտեխնիկական, օպտիկա-էլեկտրոնային հետախուզության համալիրների (սարքերի) և անօդաչու թռչող սարքերի կիրառմանը: