Անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագոտու հերթական դիտարկումը
30 Января, 2015 00:00Հունվարի 29-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվել է հայ-ադրբեջանական պետական սահմանագծի հերթական դիտարկումը: Այս անգամ այն կայացել է Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի հատվածում:
Մինչ դիտարկման անցկացումը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը, Խրիստո Խրիստոֆը և Պետեր Սվերդբերգը ՀՀ ՊՆ և բանակային զորամիավորման 3-րդ ներկայացուցիչների հետ այցելել են Տավուշի մարզպետարան, որտեղ Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը հյուրերին մանրամասն ներկայացրել է Տավուշի սահմանամերձ հատվածներում տիրող իրավիճակը: Բրիֆինգի ընթացքում մասնավորապես քննարկվել են ադրբեջանական զինուժի կողմից հայ խաղաղ բնակչության և սահմանամերձ ավտոճանապարհներին քաղաքացիական մեքենաների ուղղությամբ արձանագրված կրակոցներին, հայ-ադրբեջանական սահմանին դիպուկահարների հետ քաշմանը վերաբերող հարցեր: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականները, հայկական կողմին շնորհակալություն հայտնելով ներկայացված տվյալների համար, նշել են, որ դրանք կներառվեն իրենց ամփոփիչ զեկույցներում:
Համաձայն նախնական պայմանավորվածության` դիտարկումը պետք է անցկացվեր Ոսկեպար համայնքին հարակից տարածքում, սակայն ադրբեջանական կողմը վերջին պահին նշել է, թե չի կարող անվտանգության երաշխիքներ տրամադրել այդ հատվածում իրականացվելիք դիտարկման ընթացքում: Բերքաբերի հատվածում դիտարկումը կայացել է որոշակի հեռավորության վրա, քանի որ ադրբեջանական կողմը կրկին հրաժարվել է հայկական կողմի` սահմանը հատելու և անմիջական դիտարկում անցկացնելու առաջարկից:
Հավելենք նաև, որ դիտակման ավարտին տեղեկություն է ստացվել այն մասին, որ Կայանավան բնակավայրի հատվածում հակառակորդը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը: Ադրբեջանական կողմը, սակայն, իր որդեգրած քաղաքականությանը հավատարիմ, հերքել է այդ լուրը: