ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

29 Января, 2008 00:00
Ս.թ. հունվարի 29-ին Երևանում մեկնարկած «Համատեղ աղեղ և Համատեղ նիզակակիր -2008» զորավարժությունների նախնական պլանավորման համաժողովի մասնակիցներին ողջունեցին և բացման խոսքով հանդես եկան ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ – պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը և Դաշնակցային ցամաքային բաղադրիչ ուժերի Հայդելբերգի հրամանատարության շտաբի պետի տեղակալ, բրիգադի գեներալ Կլաուդիո Վերչելոտտին:

Համաժողովի աշխատանքներին մասնակցում են 25 ազգության շուրջ 110 զինվորականներ: Նրանցից 36-ը ՆԱՏՕ-ի տարբեր հրամանատարություններից են, 39-ը` արդեն իսկ զորավարժություններին մասնակցելու պատրաստակամություն հայտնած 20 պետություններից: Համաժողովի մասնակիցների թվում են ՀՀ Զինված ուժերի 35 զինծառայողներ: Հայաստանում անցկացվելիք «Համատեղ աղեղ և Համատեղ նիզակակիր 2008» զորավարժություններին մասնակցելու հրավերք է ուղարկվել ՆԱՏՕ-ի, Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի, Միջերկրածովյան երկխոսության ծրագրի և Ստամբուլյան համագործակցության նախաձեռնության անդամ բոլոր երկրներին:  Այս փուլի պլանավորման աշխատանքներին` նախնական պլանավորման համաժողովին, արդեն իսկ մասնակցելու պատրաստակամություն են հայտնել և իրենց սպաներին Հայաստան գործուղել ՆԱՏՕ-ի անդամ ութ (ԱՄՆ, Լեհաստան, Լիտվա, Կանադա, Հունաստան, Հունգարիա, Մեծ Բրիտանիա և Չեխիա), ԳՀԽ անդամ` տասնմեկ (Ալբանիա, Ավստրիա, Բելառուս, Բոսնիա-Հերցեգովինա, Հայաստան, Ղազախստան, Մոլդովա, Նախկին Հարավսլավիայի Մակեդոնիայի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան և Ուկրաինա) և Ստամբուլյան համագործակցության նախաձեռնության` մեկ (Միացյալ Արաբական Էմիրություններ) երկիր: «Համատեղ Աղեղ-2008»-ը ՆԱՏՕ/ԳՀԽ արագ արձագանքման տարրերով բազմազգ բրիգադի շտաբի կողմից խաղաղապահ գործողությունների պլանավորման և վերահսկման հրամանատարաշտաբային զորավարժություն է, որի անցկացմանը նախատեսվում է ներգրավել մոտ 350 սպա, ենթասպա, սերժանտ: «Համատեղ նիզակակիր - 2008»-ը ՆԱՏՕ/ԳՀԽ դաշտային զորավարժություն է` բազմազգ խաղաղապահ գումարտակի մասնակցությամբ, ավելի քան 800 սպաների, ենթասպաների, սերժանտների և շարքայինների ներգրավմամբ: Երեք փուլ ունեցող այս զորավարժության օրերին իրականին մոտ իրադրություններում անցկացվող զորավարժանքները կնպաստեն անձնակազմի խաղաղապահ գործողությունների հմտությունների յուրացմանը և դրանց ընթացքում կիրառվող հետևակային հմտությունների զարգացմանը: Համաժողովի ընթացքում կմշակվեն նաև զորավարժությունների վերաբերյալ փաստաթղթեր և հայեցակարգեր: ՀՀ պաշտպանության նախարարությունը «Համատեղ աղեղ և նիզակակիր-2008» զորավարժություններն իր տարածքում հյուրընկալելու հայտը Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարությանն է ներկայացրել 2006թ. հուլիսին, որը ՆԱՏՕ-ի կողմից պաշտոնապես բավարարվել է 2007թ. հոկտեմբերին:
  • Поделиться