ՀՀ ԶՈՒ ԳՇ ՊԵՏ - ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ԳԵՆԵՐԱԼ-ԳՆԴԱՊԵՏ Ս.ՕՀԱՆՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ
29 Января, 2008 00:00Ս.թ. հունվարի 29-ից փետրվարի 1-ը Հայաստանում անցկացվող «Համատեղ աղեղ և համատեղ նիզակակիր-2008» զորավարժությունների նախնական պլանավորման կոնֆերանսի բացման արարողության համար
29 հունվարի, 2008թ. ժամը 09:00
Հարգելի գործընկերներ
Հարգելի հյուրեր
Թույլ տվեք ողջունել ձեզ և շնորհավորել բոլորիս Հայաստանում «Համատեղ աղեղ և համատեղ նիզակակիր» զորավարժությունների նախնական պլանավորման համաժողովի մեկնարկի առթիվ:
Պլանավորման համաժողովին 20 երկրների 25 ազգությունների շուրջ 110 մասնակիցների ներկայությունն ինքնին վկայում է այս զորավարժությունների կարևորության և արդիականության մասին: Հատկանշական է, որ մասնակից երկրների թվաքանակով զորավարժություններն ընդգրկում են աշխարհագրորեն բավականին լայն տարածաշրջան: Այս առումով ցանկանում եմ նշել Ստամբուլյան համագործակցության նախաձեռնության անդամ երկրների, մասնավորապես Միացյալ Արաբական Էմիրությունների ներկայացուցիչների մասնակցությունը: Արդեն կարող ենք արձանագրել, որ Հայաստանում անցկացվող ԳՀԽ և ԳՀԽ ոգով զորավարժությունները բարի ավանդույթ են դառնում: Տարեցտարի բարձրանում է այդ զորավարժություններին ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչների մասնակցության ակտիվությունը:
Դեռևս 2003 թվականին Հայաստանը հյուրընկալեց «Համատեղ լավագույն ջանք» զորավարաժությունը, 2006 թվականին`«Փրկարար», իսկ 2007 թվականին` «Համատեղ ձգտում» զորավարժությունները: Սակայն «Համատեղ աղեղ և համատեղ նիզակակիր-2008» զորավարժությունները իրենց ծավալով և ներգրավված երկրների քանակով ԳՀԽ և ԳՀԽ ոգով զորավարժություններից ամենամեծն են, որ երբևէ անց են կացվել Հարավային Կովկասում: Այս առումով չեմ կարող չնշել ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի և մեր մյուս գործընկերների դերակատարությունը, որոնց հետ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համագործակցության շնորհիվ հնարավոր եղավ կազմակերպել այս միջոցառումը:
Ուրախալի է, որ ՆԱՏՕ-ի գործընկերների հետ մեր համագործակցությունը վերընթաց զարգացում է ապրում: Հայաստանը բարձր է գնահատում ՆԱՏՕ-ի` որպես Եվրոպական անվտանգության անկյունաքարային կառույցի կայունացնող դերակատարությունը նաև մեր տարածաշրջանի անվտանգության ամրապնդման գործում: Հյուսիսատլանտյան դաշինքի հետ հեռանկարային և պատշաճ մակարդակի հարաբերություններ զարգացնելու և փոխգործակցության կարողություններն ընդլայնելու նպատակով մենք իրականացնում ենք մի շարք համատեղ ծրագրեր: Այդ համագործակցության բարձր մակարդակի ամենավառ ապացույցը նման զորավարությունների անցկացումն է:
Ընդհանրապես, զորավարժությունները ոչ միայն նպաստում են դրանց մասնակցող ստորաբաժանումների և զինծառայողների մասնագիտական կարողություններն ու փոխգործունակությունն անմիջականորեն փորձարկելու գործին, այլև լավ առիթ են հանդիսանում մեր տարածաշրջանի համընդհանուր անվտանգությամբ և կայունությամբ շահագրգռված տարբեր երկրների ստորաբաժանումներին համատեղ գործողություններ մշակելու և միասնաբար, մեկ թիմով իրենց առջև դրված խնդիրները կատարելու համար:
Ուստի Հայաստանը միշտ էլ պարտաստակամություն է հայտնել հյուրընկալել նման միջոցառումները և դռնբաց ընդունել բոլոր մասնակիցներին` ջանալով նրանց համար ապահովել աշխատանքի առավելագույնս հարմարավետ պայմաններ:
Շնորհակալություն հայտնելով մեր գործընկերներին` համագործակցության մեջ մեծ շահագրգռվածության, համաժողովի կազմակերպման խնդիրներում ցուցաբերած մեծ աջակցության և միջոցառմանն ակտիվ մասնակցության համար, ցանկանում եմ համոզմունք հայտնել, որ սույն պլանավորման համաժողովի աշխատանքները կընթանան ջերմ մթնոլորտում, իսկ այս տարվա սեպտեմբերին նախատեսված բուն զորավարժությունները կանցկացվեն մասնագիտական և կազմակերպչական բարձր մակարդակով:
Միաժամանակ հուսով եմ, որ Հայաստանում գտնվելու ընթացքում դուք հնարավորություն կունենաք ծանոթանալ նաև մեր երկրի պատմությանը, մշակույթին և ձեզ հետ հաճելի հուշեր կտանեք` հարմար առիթի դեպքում կրկին անգամ այստեղ վերադառնալու ցանկությամբ:
Բոլոր մասնակիցներին մաղթում եմ արդյունավետ աշխատանք և հաջողություն: