ՀՀ ԶՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ, ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ Ա.ՓԱՅՏՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ

14 Мая, 2008 00:00
Ս.թ. մայիսի 14-ից 16-ը Հայաստանում անցկացվող «Համատեղ աղեղ, Համատեղ նիզակակիր և Խիզախ լուսան-2008» զորավարժությունների հիմնական պլանավորման համաժողովի բացման արարողությանը

Հարգելի գործընկերներ, հյուրեր Ողջունում եմ ձեզ և շնորհավորում բոլորիս` Հայաստանում «Համատեղ աղեղ, Համատեղ նիզակակիր և Խիզախ լուսան» զորավարժությունների հիմնական պլանավորման համաժողովի մեկնարկի առթիվ: Ավելի քան 20 երկրների ներկայացուցիչների մասնակցությունն այս համաժողովին ինքնին վկայում է այս զորավարժությունների կարևորության և արդիականության մասին: Չեմ կարող չնշել ՆԱՏՕ-ի և մեր մյուս գործընկերների դերակատարությունը զորավարժությունների կազմակերպման գործում, որոնց հետ համագործակցության շնորհիվ հնարավոր եղավ կազմակերպել նաև այս միջոցառումը: Նախնական պլանավորման համաժողովից հետո ընկած ժամանակահատվածում մեր գործընկերների հետ համատեղ զգալի նախապատրաստական աշխատանքներ կատարվեցին, լուծվեցին հիմնական խնդիրները: Մասնավորապես, ապրիլին Հայաստանում էր գտնվում ՆԱՏՕ-ի Հայդելբերգի ցամաքային զորքերի բաղադրիչ հրամանատարության 10 հոգանոց աշխատանքային խումբը: Նրանց հետ վերջնականապես քննարկվեցին և հստակեցվեցին զորավարժության անցկացման համար Հայաստանի` որպես հյուրընկալող երկրի կողմից տրամադրվող օժանդակության և նյութատեխնիկական ապահովման հարցերը: Շնորհակալություն հայտնելով մեր գործընկերներին` համագործակցության մեջ մեծ շահագրգռվածության, համաժողովի կազմակերպման խնդիրներում ցուցաբերած մեծ աջակցության և միջոցառմանն ակտիվ մասնակցության համար, ցանկանում եմ համոզմունք հայտնել, որ սույն պլանավորման համաժողովի աշխատանքները կընթանան ջերմ մթնոլորտում, հանգամանորեն կքննարկվեն և կլուծվեն կազմակերպչական բոլոր խնդիրները, իսկ այս տարվա աշնանը նախատեսված բուն զորավարժությունները կանցկացվեն մասնագիտական և կազմակերպչական բարձր մակարդակով: Ուրախալի է, որ Հայաստանում ԳՀԽ և ԳՀԽ ոգով անցկացվող զորավարժությունները բարի ավանդույթ են դարձել: Մենք միշտ էլ պարտաստակամություն ենք հայտնել հյուրընկալել նման միջոցառումները և հավաստիացնում եմ, որ պատրաստ ենք դռնբաց ընդունել բոլոր մասնակիցներին` ջանալով նրանց համար ապահովել աշխատանքի առավելագույնս հարմարավետ պայմաններ: Բոլոր մասնակիցներին մաղթում եմ արդյունավետ աշխատանք և հաջողություն:
  • Поделиться