Ս.Օհանյանն ընդունեց Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպանին
29 Января, 2009 00:00Ս.թ. հունվարի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ՀՀ-ում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թոմաս Լուկին և ռազմական կցորդ Ռիստո Լումիին:
Ս.Օհանյանը նախ ողջունեց հյուրերին` ՊՆ վարչական համալիրում, ապա հույս հայտնեց, որ հանդիպումը կնպաստի երկու երկրների միջև ռազմական համագործակցության ոլորտում հարաբերությունների աշխուժացմանը:
Հանդիպման ընթացքում Ս.Օհանյանը նշեց, որ թեև երկու երկրները գտնվում են աշխարհաքաղաքական տարբեր տարածաշրջաններում, այնուամենայնիվ առկա են բազմաթիվ ընդհանուր շահեր և հետաքրքրություններ` զարգացնելու համագործակցությունը քաղաքական, տնտեսական և պաշտպանության բնագավառներում:
Կողմերը քննարկեցին նաև ռազմական բնագավառում երկկողմ հարաբերությունների ներկա վիճակին և դրանք առավել խորացնելու հեռանկարներին առնչվող հարցեր` փաստելով, որ երկու պետությունների միջև հաստատված բարեկամական կապերը և արդյունավետ համագործակցությունը լավ նախադրյալներ են ստեղծել հարաբերությունների` առավել լայն շրջանակ ընդգրկելու համար:
Հանդիպման ավարտին Ս.Օհանյանն ընդգծեց, որ Հայաստանը որդեգրել է բոլոր շահագրգիռ երկրների հետ պաշտպանության և անվտանգության բնագավառում համագործակցություն հաստատելու ուղեգիծ, իսկ Էստոնիայի, և ընդհանրապես, Բալթյան երկրների կողմից տարածաշրջանում իրականացվող հավասարակշռված քաղաքականությունը հնարավորություն է ընձեռում այդ բնագավառում համագործակցություն իրականացնելու:
Հանդիպման ավարտին կողմերը քննարկեցին նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: