Հայտարարություն

20 Марта, 2009 00:00
Հաշվի առնելով վերջին ժամանակաշրջանում ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից հեղեղվող լայնածավալ ապատեղեկատվությունը ՀՀ ԶՈՒ զինծառայողների գերեվարման հանգամանքների և նրանց` հայրենիք վերադառնալու հնարավորությունից, իբր, հրաժարվելու առնչությամբ, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է.

«Ըստ ձեռք բերված ստույգ տեղեկատվության` ՀՀ զինծառայողներն ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից ենթարկվում են հատուկ հոգեբանական, բարոյական ճնշումների, ֆիզիկական կտտանքների և բռնության, ինչի հետևանքով ստիպված են հանդես գալ շինծու հայտարարություններով: Ադրբեջանական պաշտոնական կառույցների նման մոտեցումը ռազմագերիներին, ինչպես նաև վերջիններիս` հարազատների և ծնողների հետ շփումից, նամակագրական կապից զրկելը հանդիսանում է միջազգային իրավունքի, մասնավորապես, Ժնևյան 3-րդ և 4-րդ կոնվենցիաների կոպիտ խախտում: Մինչդեռ հայկական կողմը մշտապես ապահովում է ադրբեջանցի ռազմագերիների` խոսքի, հարազատների հետ շփման, բժշկական օգնություն ստանալու և այլ իրավունքներից օգտվելու հնարավորություն: Դրան ի հակառակ, ադրբեջանական կողմը մինչ օրս ԿԽՄԿ միջոցով չի ներկայացրել ՀՀ քաղաքացի, ռազմագերի Պարույր Սիմոնյանի վերաբերյալ որևէ հավաստի փաստաթուղթ և տեղեկատվություն: Ավելին, գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Պ.Սիմոնյանին ադրբեջանական պաշտոնական կառույցների կողմից չի ընձեռվել իր իրավունքներից օգտվելու և ոչ մի հնարավորություն, ինչը վերոնշյալ կոնվենցիաների կոպիտ խախտում է: Ադրբեջանական ռազմագերիները, ովքեր ՀՀ կողմից, միջազգային նորմերին համապատասխան, վերադարձվել են Ադրբեջան, մեր հավաստի տվյալներով, ենթարկվում են կտտանքների, ինչի վերաբերյալ փաստերն աղաղակող են. վերջիններիս հանդեպ, որպես կանոն, իրականացվում է քրեական հետապնդում` արդյունքում դատապարտելով նրանց երկարաժամկետ ազատազրկման: ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հավաստում է իր անվերապահ մոտեցումը միջազգային ընդունված նորմերին և միջազգային կառույցների ու հանրության, հատկապես ՄԱԿ-ի և Կարմիր Խաչի Միջազգային Կազմակերպության ուշադրությունն է հրավիրում Ադրբեջանի կողմից ռազմագերիներին որպես արտաքին և ներքին քարոզչության առարկա օգտագործելու հանգամանքին` պահանջելով վերջ տալ այդ անմարդկային և արդի ժամանակաշրջանին անհարիր պետական գործունեությանը: Հիշեցնում ենք նաև, որ ՀՀ ԶՈւ բոլոր զինծառայողները, այդ թվում նաև ռազմագերիները, գտնվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո, իսկ նրանց ազատությունն ապահովելու նպատակով հետագայում ևս ձեռնարկվելու են բոլոր հնարավոր միջոցները: Պաշտպանության նախարարությունը` դատապարտելով հայ զինվորի գերեվարման ամեն մի դեպք, ենթարկել ու ենթարկելու է դրանք մանրակրկիտ ուսումնասիրման, քննության են առնվելու բոլոր հանգամանքները, արվելու են համապատասխան հետևություններ: ՀՀ պաշտպանության նախարարությունը դիմում է Ադբեջանի հատուկ ծառայությունների խարդավանքներին և սադրանքներին զոհ դարձած ու գերեվարված հայորդիներին. զինվորներ, լիովին հասկանում ենք, թե ինչ անմարդկային իրադրությունում եք գտնվում ներկայումս ադրբեջանական գերության մեջ: Քաջատեղյակ ենք նաև, թե ինչ ստոր քայլերի են ընդունակ ադրբեջանական հատուկ ծառայությունները: Այո, դուք թույլ եք տվել զինվորական ծառայության կարգապահական նորմերի խախտում, ինչի արդյունքում մոլորվել և հայտնվել եք թշնամու ձեռքում: Բայց դուք Հայրենիքի զավակներն եք և վստահ եղեք, որ անգամ սխալի համար արժանավայել պատասխանատվություն կրելը հայ տղամարդուն և զինվորին բնորոշ հատկանիշ է: Ուստի, դուք կարող եք ձեր կյանքի փրկության համար թշնամու նկատմամբ իրագործել ցանկացած խորամանկություն, հնար և հարթել Հայրենիք վերադառնալու ճանապարհը: Հիշեք, որ Հայրենիքը, ինչպես նաև ձեր ծնողներն ու հարազատները միշտ սպասում են ձեր վերադարձին: Սա է հայրենյաց հողի կոչը ձեզ»:
  • Поделиться