Հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցություն
17 Июля, 2009 00:00Ս.թ. հուլիսի 16-ից 17-ը Երևանում կայացավ հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության պլանավորման համաժողովը: Պատվիրակության կազմում ընդգրկված էին ԱՄՆ պաշտպանության քարտուղարի գրասենյակի, ԱՄՆ եվրոհրամանատարության, Եվրոպայում ԱՄՆ զորատեսակների հրամանատարության, Կանզասի ազգային գվարդիայի ներկայացուցիչներ:
Միջոցառման ընթացքում ամերիկյան կողմի հետ ամփոփվեցին այս տարվա ընթացքում կատարված աշխատանքները և նախանշվեցին առաջիկա երկու տարիների համագործակցության հիմնական ուղենիշերը: Ամերիկյան պատվիրակությունը ս.թ. հուլիսի 16-ին այցելեց ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադ և ականազերծման կենտրոն, իսկ հուլիսի 17-ին՝ ՀՀ ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ:
Այցի շրջանակներում պատվիրակության անդամներին ընդունեց ՀՀ պաշտպանության նախարարը: Ողջունելով և կատարված աշխատանքների համար շնորհակալություն հայտնելով պատվիրակության անդամներին՝ Սեյրան Օհանյանը նրանց մաղթեց հաջողություններ հետագա համագործակցության և պատվիրակության գործունեության ընթացքում: Կարևորելով համանման համաժողովների անցկացումը քննարկումների միջոցով համագործակցության ընդլայնման և զարգացման համար՝ պաշտպանության նախարարն անդրադարձավ հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության ոլորտներին, իրականացված միջոցառումներին և դրանք ընդլայնելու ուղղությամբ կատարվելիք աշխատանքներին:
Հանդիպման ընթացքում նշվեց, որ համագործակցությունը խորացվելու է հատկապես ռազմաբժշկական, ականազերծման, խաղաղապահ կարողությունների զարգացման ուղղությամբ, ինչպես նաև՝ շարունակվելու է պաշտպանական ռազմավարական վերանայման գործընթացում ԱՄՆ-ի խորհրդատվական օժանդակությունը: