Orchestra Division
Ծառայության գործունեության մասին
1992թ. հունվարի 28-ին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով կազմավորվեց 1-ին դեսանտագրոհային գունդը, որի կազմում և առաջին զինվորական նվագախումբը:
1992թ. մայիսին ԼՂ ինքնապաշտպանության կոմիտեյի շտաբի պետի հրամանով կազմավորվեց և 1997թ. նոյեմբերին ՊԲ հրամանատարի հրամանով վերահայտարարվեց պաշտպանության բանակի շտաբի զինվորական նվագախումբը:
Մինչ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմանվագախմբային ծառայության կազմավորումը, վերը նշված երկու նվագախմբերը, իրենց տարածաշրջաններում, կատարել են բոլոր խնդիրները միջոցառումների երաժշտական սպասարկման ուղությամբ:
1992թ. սեպտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով կազմավորվեց ՀՀ ՊՆ ռազմանվագախմբային ծառայութունը, որն 1996 թվականի հունվարի 25-ին պաշտպանության նախարարի հրամանով հանվեց պաշտպանության նախարարության կազմից և տեղափոխվեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբ: Այնուհետ 2009 թվականի փետրվարի 2-ին վերահայտարարվեց որպես ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմանվագախմբային բաժին:
1992թ. նոյեմբերին օտարերկրյա պետական և գերատեսչական բարձրաստիճան պաշտոնյա հյուրերի, պատվիրակությունների պաշտոնական այցերի ժամանակ, դիմավորման և ճանապարհման հանդիսավոր արարողությունների, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի կանոնադրություններով և կանոնագրքերով նախատեսված զինվորական արարողությունների ու միջոցառումների երաժշտական սպասարկման նպատակով, ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով կազմավորվեց ՀՀ ԶՈՒ ԳՇ զինվորական նվագախումբը:
1992 թվականից ի վեր կազմավորվեցին ՀՀ ՊՆ և ՊԲ զորամիավորումները և զորամասերը իրենց ենթակա հաստիքային զինվորական նվագախմբերով, որոնց մասնագիտական ղեկավարումն ու վերահսկումը իրականացնում է ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմանվագախմբային բաժինը:
2004թ. ՀՀ զինված ուժերի ռազմանվագախմբային ոլորտի զարգացման համար, ինչպես նաև հաստիքային զինվորական նվագախմբերը գրագետ զինվորական դիրիժորական կադրերով համալրելու նպատակով, ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմանվագախմբային բաժնի և ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության նախաձեռնությամբ, ՀՀ պաշտպանության նախարարության և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ղեկավարության միջնորդությամբ, ՀՀ կառավարությունը վորոշում ընդունեց, համաձայն որի ՀՀ պաշտպանության նախարարության և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի միջև կնքվեց երկկողմանի պայմանագիր` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նվագախմբային ֆակուլտետում զինվորական դիրիժորության խումբ ստեղծելու, զինվորական դիրիժորական կադրեր պատրաստելու համար:
2010թ. հունիսին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով կազմավորվեց ՀՀ ԶՈՒ երգի և պարի համույթը:
ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմանվագախմբային բաժնի գործունեությունը, նպատակները, խնդիրները.
ՀՀ պետական, կառավարական և գերատեսչական միջոցառումների, արարողությունների, հանդիսությունների և ծեսերի երաժշտական սպասարկումը: ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմանվագախմբային բաժնի գործունեությունը սերտորեն կապված է զորքերի առօրյա կյանքի և նպատակաուղղված է զինծառայողների հայրենիքին և ժողովրդին անմնացորդ նվիրվածության, զինվորական պարտքի անբասիր կատարման ոգով դաստիարակությանը:
ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմանվագախմբային բաժնի խնդիրներն են.
- ՀՀ զինված ուժերի անձնակազմի գաղափարական, հայրենասիրական և մշակութային դաստիարակությունը երաժշտության միջոցով,
- զինվորական նվագախմբերի համալրումը,
- զինվորական նվագախմբերի ծառայողական գործունեության կազմակերպումը և պատրաստումը,
- Պետական, կառավարական և գերատեսչական արարողությունների, ինչպես նաև հասարակական, մշակութային, զանգվածային և սպորտային միջոցառումների երաժշտական սպասարկումը,
- շարային երգերի ուսուցումը և ազդանշանորդ - թմբկահարների պատրաստումը ստորաբաժանումներում,
ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմանվագախմբային բաժինն իր նպատակներին և խնդիրներին համապատասխան իրականացնում է հետևյալ գործառույթները.
- մասնակցում է զինվորական դիրիժորական կադրերի պատրաստմանը,
- զինվորական նվագախմբերի ծառայողական գործունեության բարելավման և ուսուցման կատարելագործման նպատակով իրականացնում է համապատասխան աշխատանքներ,
- կադրային և կազմզորահավաքային մարմինների հետ համատեղ դիրիժորներով և երաժիշտներով համալրում է զինվորական նվագախմբերը,
- սահմանված կարգով կազմակերպում և անցկացնում է զինվորական նվագախմբերի և դիրիժորների համաբանակային մրցույթներ ու փառատոններ:
- մասնակցում է զինվորական նվագախմբերը փողային և հարվածային գործիքներով ու դրանց կից պարագաներով ապահովելուն,
- ընդհանրացնում և տարածում է զինվորական նվագախմբերի առաջավոր փորձը,
- հսկողություն է սահմանում զինվորական նվագախմբերի նվագացանկի գաղափարա-գեղարվեստական բովանդակության նկատմամբ: