ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱՆ ԸՆԴԱՌԱՋ

27 Января, 2010 00:00
Վաղը հունվարի 28-ն է, Հայոց Բանակի կազմավորման 18-րդ տարեդարձը: Տարեդարձ, որ պարտավորեցնում է բոլորիս հետադարձ հայացք գցել անցյալին և պատվախնդրորեն ու հաստատակամ քայլերով շարժվել առաջ: Բանակի կազմավորման 18-րդ տարեդարձի առթիվ ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում հունվարի 27-ին տեղի ունեցավ կառավարական և գերատեսչական պարգևների հանձնման հանդիսավոր արարողություն:

Խորհրդանշական օրվա կապակցությամբ շնորհավորելով ներկաներին և անդրադառնալով բանակի կազմավորմանն ու տարեգրությանը` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնավորապես ասաց. «Տասնութ տարի առաջ, երբ ստեղծվում էր պաշտպանական գերատեսչությունը, և կազմավորվում էին բանակային առաջին կանոնավոր ստորաբաժանումները, մեզանից ոչ ոք` անգամ առավել լավատեսները, պատկերացնել չէին կարող, որ այսօր կունենանք այսպիսի հզոր և մարտունակ բանակային կառույց: Չէինք պատկերացնում, քանզի երկու տասնամյակ առաջ պատերազմ էր, ծանր ու դաժան պատերազմ, որում պետք է վճռվեր հայրենի երկրի ճակատագիրը: Մեր պատմության բոլոր շրջափուլերում հայրենի երկրի ազատության և անկախության հուսալի երաշխիքը եղել և մնում է հայոց զինական ուժը, հայ քաջարի ռազմիկը: Հայոց զինական ուժը պատվով կատարել է իր առաքելությունը, ապահովել հայրենի երկրի ու ժողովրդի անվտանգությունը` միաժամանակ համաշխարհային ռազմարվեստի պատմությունը հարստացնելով բազմաթիվ հերոսական դրվագներով: Պատահական չէ, որ հնագույն ժամանակներից ի վեր զինվորական դասը առաջնային դեր և կշիռ է ունեցել հայ հասարակության մեջ: Զորականի, երկրի պաշտպանի կոչումը եղել է ամենահարգին և պատվաբերը բոլոր խավերի մեջ, հերոս ռազմիկը դասվել է սրբերի շարքը, նրա սխրագործությունը փառաբանվել և ուսանելի դաս է դարձել սերունդների համար: Ապավինելով սեփական բազկի զորությանը` հայ զինվորը իր արյան գնով վերահաստատել է հայ ժողովրդի հարատևելու իրավունքը: Այսպես եղել է հազարամյակներ շարունակ, այսպես եղավ նաև Արցախյան ազատամարտի ժամանակ: Մերօրյա ազատագրական պատերազմում մարտնչող հայ ազատամարտիկը Մեծ հայրենականում հաղթանակ կռած հայ զինվորի որդին ու թոռն էր, միաժամանակ նրա գործի արժանի շարունակողը, գործ, որի անունն է պաշտպանել հող հայրենին, ապահովել սեփական ժողովրդի ազատությունն ու անվտանգությունը: Արցախյան ազատագրական պայքարը դարձավ հայոց անկախ պետականության վերականգնման արշալույսը: Պետականության կառուցմանը զուգընթաց, անմիջապես ռազմական պայքարի բովում կազմավորվում էր հայոց ազգային բանակը: Եվ հենց նրանք՝ բանակի նորակազմ կանոնավոր զորամասերը, կռեցին վերջնական հաղթանակը Արցախյան ազատամարտում: Իր կայացման ճանապարհին հայոց բանակը անցել է մի քանի առանցքային փուլ: Առաջին փուլում հրատապ խնդիրը Արցախի և Հայաստանի բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովումն էր կամավորական ջոկատների միջոցով: Ինքնաբուխ, սակայն գիտակցված անհրաժեշտության մղումով ստեղծվեցին առաջին ինքնապաշտպանական ջոկատները, որոնց ուսերին ծանրացավ երկրի վտանգված սահմանների, խաղաղ բնակչության անվտանգության ապահովման պատասխանատվությունը: Վերստին հառնեց հայ քաջարի ֆիդայու՝ ազատարարի և պաշտպանի փառահեղ կերպարը, մեր պայքարի առաջապահը դարձան անձնազոհ ու հայրենանվեր ազատամարտիկները, որոնցից շատերը իրենց կյանքը նվիրաբերեցին Արցախյան համազգային պայքարին: Հաջորդ փուլում եռանդուն աշխատանք էր տարվում Ազգային բանակի կայացման, կանոնավոր ստորաբաժանումների ձևավորման համար: Մեր ժողովրդին հաջողվեց գրեթե անհնարինը` համատեղել երկու դժվարին խնդիրները. ծանր, բայց հաղթական պատերազմին զուգընթաց` հաջողությամբ իրականացվում էր բանակաշինության գործընթացը` կամավորական ջոկատների հիմքի վրա ձևավորում էին բանակային կանոնավոր ստորաբաժանումները, որոնք էլ հենց հաղթական ավարտին հասցրին պատերազմը: Մենք միասին ենք անցել այս փուլերը, սիրելի զինակից ընկերներ, միասին ենք քայլել պատերազմի ճանապարհներով, միասին ենք ճաշակել հաղթանակների բերկրանքը ու նաև կորուստների դառնությունը, միասին ենք խանդավառվել մեր մարտական ընկերների սխրագործությամբ, նաև սգացել նրանց մահը: Այսօր ևս` 1994թ. մայիսյան հաղթական զինադադարից մինչ օրս, մենք միասին ենք ապահովում բանակաշինության կայուն և հետևողական ընթացքը, զորքերի մարտունակության անշեղ բարձրացումը, սպայական կազմի պատրաստումն ու վերապատրաստումը, նաև բանակ-հասարակություն կապերի ամրապնդումը: Հայոց բանակը հաստատակամորեն ընթանում է կատարելագործման ճանապարհով, հուսալիորեն պաշտպանում է մեր հայրենիքի սահմանները, ունի միջազգային բարձր հեղինակություն և տարածաշրջանում իրավամբ համարվում է ամենամարտունակներից մեկը: Մենք հաղթանակած բանակ ենք, խաղաղության կողմնակիցներ: Եվ այսօր հակառակորդի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից հաճախակի հնչող ռազմաշունչ հայտարարությունները մեզ ոչ թե սարսափ են ազդում, այլ զգոնության և անընդմեջ կատարելագործման են կոչում, քանզի խաղաղության պահպանման լավագույն միջոցը հակառակորդին հզոր ռազմական ուժ հակադրելն է: Հարգելի զինակից գործընկերներ: Եկեք բանակային կյանքի նոր՝ 19-րդ տարին սկսենք պարտավորության և պատասխանատվության խորը զգացումով, հստակ գիտակցելով, որ հարկ է ոչ միայն փայփայել ու պահպանել մեր ձեռքերով և համապետական, համազգային օժանդակությամբ կայացած կառույցը, այլև անընդմեջ զարգացնել ու կատարելագործել այն, միշտ պահել այն բարձրության վրա, որ ի զորու լինենք դիմագրավելու բոլոր փորձություններին և մարտահրավերներին և լիարժեքորեն ապահովելու մեր երկրի անվտանգությունը: Իսկ այս ամենին կարելի է հասնել անխոնջ և անդուլ աշխատանքի շնորհիվ: Բանակի յուրաքանչյուր օրը պետք է դառնա առաջընթացի ևս մեկ քայլ բանակաշինության ճանապարհին: Քիչ հետո ձեզ հանձնվելիք կառավարական և գերատեսչական պարգևները պետք է առավել պարտավորեցնեն ձեզ և մղեն անխոնջ ու բեղմնավոր աշխատանքի: Քանի որ միայն մեր համատեղ ջանքերի շնորհիվ այսօրվա պատանին, որ զորակոչվում է հայոց բանակ, ծառայության ընթացքում կդառնա ձեր` Արցախյան պատերազմում հաղթանակած և հակառակորդին խաղաղություն պարտադրած մարտիկներիդ արժանի ժառանգորդը, մեր ժողովրդի անվտանգության հուսալի պահապանըª հմտավարժ, մարտունակ, նաև խիզախ ու արիասիրտ: Սիրելի բարեկամներ, ևս մեկ անգամ ի սրտե շնորհավորում եմ ձեզ հայոց բանակի կազմավորման տոնի առթիվ, ցանկանում նորանոր սխրանքներ բանակաշինության՝ այդ համապետական նշանակության ասպարեզում՝ ի բարօրություն մեր ժողովրդի»: Շնորհավորական ելույթներով հանդես եկան նաև ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ կառավարությանն առընթեր ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը, ՀՀ Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը: Բանակի կազմավորման 18-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ նախագահի հրամանագրով կառավարական պարգևների և ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՀ գլխավոր դատախազի, ԱԱԾ-ի տնօրենի, ՀՀ ոստիկանապետի և Արտակարգ իրավիճակների նախարարի հրամաններով մեդալների ու պատվոգրերի արժանացան բազմաթիվ զինծառայողներ ու վետերան-ազատամարտիկներ: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
  • Поделиться